Թուրքիան Թել Ավիվում և Վաշինգտոնում իր դեսպաններին կանչել է Անկարա
Գազայի հատվածում Իսրայելի բանակի ու պաղեստինցիների բախման հետևանքով 59 պաղեստինցու զոհ գնալու փաստի առնչությամբ պաշտոնական Անկարան որոշում է կայացրել խորհրդակցությունների համար հետ կանչել Թել Ավիվում և Վաշինգտոնում իր դեսպաններին: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:
Նա հայտնել էր նաև, որ երկրում հայտարարվում է եռօրյա սուգ՝ ի նշան պաղեստինցիների հետ համերաշխության:
Գազայի հատվածում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ Իսրայելի ու Միացյալ Նահանգների հանդեպ խիստ քննադատություններ է հնչեցրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Իսրայելի արածը ցեղասպանություն է: Ես անիծում եմ այս մարդկային դրաման, այս ցեղասպանությունը՝ որ կողմից էլ որ այն իրականացված լինի, անիծում եմ թե ԱՄՆ-ին, թե Իսրայելին»,- ասել է նա: