
Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել

Գազայի հատվածում Իսրայելի բանակի ու պաղեստինցիների բախման հետևանքով ավելի քան 5 տասնյակ պաղեստինցու զոհվելու առնչությամբ Թուրքիայում եռօրյա սուգ է հայտարարվել: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը:
Նա հայտնել է, որ որոշումն ընդունվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ քննարկելուց հետո՝ ի նշան պաղեստինցիների հետ համերաշխության:
Բոզդաղը Գազայի հատվածում տեղի ունեցածի համար խիստ քննադատություններ է հնչեցրել Միացյալ Նահանգների հասցեին՝ հայտարարելով, թե ԱՄՆ-ն արդեն Իսրայելի հետ «ձեռքը թաթախել է պաղեստինցիների արյան մեջ»: «Այսօրվա կոտորածը ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ աշխատանքն է և երկու երկրներն էլ այդ կոտորածների առաջին պատասխանատուն են»,- հայտարարել է նա: Բոզդաղը նշել է, որ մայիսի 15-ը պատմության մեջ կմտնի որպես «արյունոտ երկուշաբթի»:
Մայիսի 15-ին տեղի է ունեցել Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման արարողությունը: Դեսպանատան բացման փաստը մեծ զայրույթ է առաջացրել պաղեստինցիների շրջանում, ովքեր բողոքի ցույցեր են իրականացրել Գազայի հատվածում: Մայիսի 15-ին իսրայելական կողմը պաղեստինցիների նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառել, ինչպես նաև կրակել է նրանց վրա: Դրա հետևանքով մահացել է շուրջ 58 մարդ, վիրավորվել են ավելի քան 2700-ը: