Արա Բաբլոյանը ուղերձ է հղել
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը շնորհավորական ուղերձ է հղել Ընտանիքի օրվա առթիվ: Ուղերձում ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ,
Ընտանիքի օրվա առթիվ սրտանց շնորհավորում եմ Հայաստանի եւ Արցախի բոլոր ընտանիքներին, նրանց մաղթում ամենայն լավն ու բարին:
Իմ անկեղծ բարեմաղթանքներն եմ հղում Սփյուռքի հայ գաղթօջախներում մայր հայրենիքի ուրախություններով եւ հոգսերով ապրող մեր քույրերին ու եղբայրներին:
Միաժամանակ, առանձնահատուկ խոսք եմ ուղղում Հայաստանում ապրող բոլոր եղբայր ժողովուրդներին, ում համար ստեղծված են ազգային ինքնության պահպանման բոլոր պայմանները:
Ընտանիքն է հասարակության հիմքը, այնտեղ է հասակ առնում Հայաստանի վաղվա քաղաքացին, այնտեղ են ձեւավորվում մարդկային այնպիսի կարեւորագույն հատկանիշներ, ինչպիսիք են բարությունը, հարգանքը դիմացինի եւ սերը հայրենիքի հանդեպ, հոգեւոր կապն ավագ ու կրտսեր սերունդների միջեւ: Հայ ընտանիքը բացառիկ դեր է ունեցել մեր ազգային ինքնության պահպանման գործում: Նրա ամրությունը, պաշտպանվածությունն ու լավագույն ավանդույթների պահպանումն են երաշխավորելու Հայաստանի վաղվա օրը: Ուստի, ընտանիքին առնչվող բոլոր խնդիրները եղել են եւ պետք է մնան պետության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում:
Կրկին շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի օրվա առթիվ, Հայաստանի, Արցախի ու Սփյուռքի բոլոր օջախներին մաղթում առաջին հերթին խաղաղություն, առողջություն, երջանկություն եւ ամենայն բարիք»: