
Պուտինը ԵԱՏՄ երկրների ղեկավարներին հրավիրել է դիտել ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարներին և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնին հրավիրել է դիտել Ռուսաստանում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում իր ելույթում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մաղթել է Ռուսաստանին բարձր մակարդակով անցկացնել առաջնությունը, հույս հայտնել, որ դահլիճում ներկա երկրների ղեկավարները հրավերք կստանան դիտելու խաղերը։
«Դուք բոլորդ հրավիրված եք, ես այդ մասին արդեն ասել եմ»,- պատասխանել է Պուտինը։
Աշխարհի առաջնության բացման խաղը կկայանա 2018թ. հունիսի 14-ին, Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում: Բացման խաղում միմյանց դեմ կմրցեն Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի հավաքականները: