
ԵԱՏՄ հարթակում արձանագրված հաջողությունները՝ ըստ Վլադիմիր Պուտինի

Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստն աշխատանքները սկսում է բավականին հագեցած օրակարգով։ Նիստի բացմանը հայտարարեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։
Նախ` նա ողջունեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ևս մեկ անգամ շնորհավորելով երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելու առիթով, ապա նշեց, որ 2018-ին որպես ԵԱՏՄ նախագահող երկիր Ռուսաստանը առաջարկել է համատեղ աշխատանքի բազմակողմ ծրագիր։
«Առաջնահերթություններից են ապրանքների ու ծառայությունների միասնական շուկայի ստեղծման ուղղությամբ ջանքերի մեծացումը, արդյունաբերական կապերի և համագործակցության զարգացումը, բացի այդ՝ անհրաժեշտ ենք համարում արժութային, ֆինանսական և դրամավարկային քաղաքականությունների սերտացումը, նոր արդյունավետ տրանսպորտային շղթաների ստեղծումը»,-«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ասաց Վլադիմիր Պուտինը։
ՌԴ նախագահը նկատեց, որ հինգ երկրներին միավորող կառույցում մի շարք ուղղություններով արդեն իսկ արձանագրվում են մեծ ձեռքբերումներ։ «Աճում է ներքին առևտրաշրջանառությունը, ընդլայնվում է երրորդ երկրներ ապրանքների և ծառայությունների մատակարարումը, բարելավվում են արտահանման կառուցվածքները, ստեղծվում են նոր համատեղ ձեռնարկություններ, մեկնարկում են հեռանկարային նորարարական նախագծեր»,-հավելեց ՌԴ նախագահը։
Նրա խոսքով՝ ինտեգրացիոն գործընթացների զարգացումը լավ հնարավորություն է սերտ համագործակցություն հաստատել ատոմային և վերականգնվող էներգետիկայի, բնապահպանության, բժշկության, տուրիզմի, սպորտի ոլորտներում։ «Օգտակար կլիներ ավելի շատ ուշադրություն հատկացնել նաև սոցիալ-հումանիտար ուղղությանը»,-ասաց Պուտինը։
Նեղ կազմով նիստի օրակարգային հարցերից նա կարևորեց Մոլդովային՝ որպես դիտորդ-պետության կարգավիճակ տալու հարցը, որն այսօր իսկ հնարավոր է իրականացնել։