Որո՞նք պետք է լինեն նոր ձևավորված կառավարության առաջնահերթությունները

Կառավարության կազմին հաղորդվել է նոր շունչ, եկել են երիտասարդներ, ովքեր կապված չեն նախկին համակարգի հետ: Այս մասին այսօր հայտարարեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն»-ի նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանը:

«Եկել են մարդիկ, ովքեր չունեն այդ նախկին «կապերը»: Ես անձերի թեմայի քննարկման մեջ չեմ ուզում մտնել, բայց պետք է ասեմ, որ անհրաժեշտ է վստահություն, որովհետև մինչև հիմա ինչ ասվել է, արվել է: Վարչապետը հաշվարկել է, գտել է այս փուլի համար հնարավորինս ճիշտ որոշումներ, ընտրել է մարդկանց, ովքեր կյանքի կկոչեն իր տեսլականը»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Թևան Պողոսյանը:

Նրա խոսքով, եթե պարզվի, որ մի նախարար կամ տեղակալ չի կարողանում սպասարկել իր առջև դրված փոփոխությունը, ապա բոլորն արդեն սովորել են լինել պահանջատեր։

«Պահանջատեր լինելու մեխանիզմները կան, պետք է դրանց տիրապետել։ Ժամանակն է, որ մենք արդյունքով գնահատենք։ Սպասենք, պահանջատեր լինենք, տեսնենք, թե ինչ արդյունքներ են գրանցվում և հայտնի կոչով՝ դուխով, գնանք առաջ»,- ասաց Պողոսյանը։

Որո՞նք պետք է լինեն նոր ձևավորված կառավարության առաջնահերթությունները: Հարցին ի պատասխան Թևան Պողոսյանը նշեց, որ պետք է լինեն այն անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները, որոնք կապահովեն ընտրական բոլոր ինստիտուտների լիարժեք աշխատանքը:

«Այդ փոփոխությունների համար զգալի աշխատանք է պահանջվում, ինչն էլ ենթադրում է ժամանակ: Այնպես որ այս փուլում արտահերթ ընտրությունների ժամկետների մասին խոսելը անշնորհակալ գործ է: Ես ուրախ կլինեմ, եթե մեր բոլոր քաղաքական ուժերը ձևավորեն քննարկման ֆորմատ, որտեղ ամեն անգամ կոնսենսուսով կորոշեն, որ իրենք բոլորը հավասար, ազնիվ ձևով գիտակցում և հասկանում են կատարվող գործողությունները: Ու ամենակարևորը, դա հանրությանը մատչելի ներկայացվի ու տեղ հասցվի: Նոր կոմունիկացիան, միայն «լայֆը» չէ, որ մտա ինչ-որ բան պատմեցի։ Պետք է վստահ լինել, որ քո խոսքը դարձել է հասկանալի»,-հավելեց Թևան Պողոսյանը:

Տեսանյութեր

Լրահոս