
Չինաստանն աշխարհում խոշորագույն երկէջք ինքնաթիռի մատակարարումները կսկսի 2022 թվականին

Չինաստանն ազգային արդյունաբերության կողմից մշակված AG600 աշխարհում խոշորագույն երկէջք ինքնաթիռի մատակարարումները կսկսի 2022 թվականին: Մայիսի 14-ին այս մասին հայտնել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:
«Մենք պլանավորում ենք քաղաքացիական ավիացիայի իշխանություններից թռիչքային պիտանիության հավաստագիր ստանալ 2021 թվականին եւ պատվիրատուներին ինքնաթիռի մատակարարումներն սկսել 2022 թվականին»,- ասված է նախագծի գլխավոր կոնստրուկտոր Հուան Լինցայի խոսքի ռեպորտաժում: Ջրաինքնաթիռը նախատեսված է քաղաքացիական ավիացիայի կարիքների համար:
Այն ստեղծվել է հատուկ անտառային հրդեհների դեմ պայքարի եւ փրկարարական գործողությունների իրականացման համար: AG600-ի առավելագույն վերթիռային զանգվածը կազմում է 53,5 տոննա: Այն կարող է զարգացնել ժամում մինչեւ 500 կիլոմետր արագություն՝ թռիչքի մինչեւ 4,5 հազար կիլոմետր հեռվությամբ եւ մինչեւ 12 ժամ օդում գտնվելու տեւողությամբ: Ինքնաթիռի երկարությունը 37 մետր է, թեւերի բացվածքը՝ 38,8 մետր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: