«Սոչիում նախատեսված հանդիպմանը մարդիկ փորձելու են ճանաչել միմյանց». Թևան Պողոսյան
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, ՀՀ նախագահի խորհրդական Թևան Պողոսյանի խոսքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Սոչիում կայացած հանդիպումից ինչ-որ խնդիրների լուծում պետք չէ սպասել, քանի որ այն կրում է ծանոթության բնույթ:
«Սոչիում նախատեսված հանդիպմանը մարդիկ փորձելու են ճանաչել միմյանց: Այսինքն՝ ինչ-որ խնդիրների լուծում պետք չէ ակնկալել: Հետագայում արդեն աշխատանքում մեր շահերից ելնելով սեփական քայլերը պետք է առաջ տանել: Աշխարհում հարաբերությունները հիմնված են շահերի վրա: Ցանկացած երկիր փորձում է իր շահերն առաջ տանել: Մենք պետք է սովորենք առաջնորդվել մեր շահերով: Խելոք լինենք, դիվանագետ լինենք, կարողանանք այնպես անել, որ մեր շահերն առաջ տանենք»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Թևան Պողոսյանը:
Խոսելով վերջին օրերին Հայաստանից միջազգային հանրությանն ուղարկված ազդակներին և ստացված արձագանքներին՝ Թևան Պողոսյանը նշեց, որ մինչ այսօր դրանք դրական համատեքստում են եղել:
«Ուրախ եմ, որ ունենք իրավիճակ, երբ աշխարհի տարբեր երկրներից ամեն օր ստանում ենք շնորհավորանքներ՝ նշելով, որ պատրաստ են համագործակցել Հայաստանի նոր իշխանությունների հետ: Ուրախ եմ, որ Սփյուռքը նույն ձևով ոգևորված է: Ուրախ եմ, որ Հայաստանը կարող է ներկայանալ որպես մի երկիր, որը մնում է պատասխանատու իր դրած ստորագրության համար: Ցանկացած միջազգային պարտավորության կատարումը և պահանջելը, որ դիմացինն էլ կատարի, միայն ու միայն խոսում է այն մասին, որ այն կանխատեսելի, ժողովրդավար երկիր է»,-հավելեց նա: