Բաժիններ՝

Դատախազը վերացրել է 1995թ. կայացված որոշումը

Բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ևս մեկ քրեական գործ:

Այսպես, հիշյալ քրեական գործի նյութերի համաձայն` Ա. Ս.-ն 1994թ.-ին 3 տարի ժամկետով դատապարտվել է ազատազրկման և պատիժը կրել Աբովյանի դաստիարակչական աշխատանքների գաղութում, սակայն 03.01.1995թ.-ին վերջինս նույն գաղութի քննչական մեկուսարանում մահացել է:

Ա. Ս.-ին ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ Կոտայքի շրջդատախազությունում հարուցվել է քրեական գործ 1961թ.-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության արդյունքում վարույթն իրականացնող քննիչը հիմնավորված է համարել, որ Ա. Ս.-ն ինքնասպանություն է կատարել, սակայն տվյալներ ձեռք չի բերել վերջինիս ինքնասպանության հասցնելու վերաբերյալ, ուստի 03.03.1995թ.-ին որոշում է կայացրել քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Վերը նշված դեպքի առնչությամբ 2018թ. փետրվարի 8-ին ՀՀ ոստիկանություն է դիմել Աբովյան քաղաքի անչափահասների և կանանց քրեակատարողական հիմնարկում այդ տարիներին որպես հսկիչ աշխատած Ա. Հ.-ն և հայտնել, որ անձամբ ականատես է եղել, թե ինչպես են նշված ՔԿՀ-ի պաշտոնատար անձինք ծեծելով սպանել Ա. Ս.-ին:

Ա. Ս.-ի հայրը ևս դատախազությանը հասցեագրած իր դիմումում հայտնել է, որ որդին սպանվել է, սակայն մահվան իրական հանգամանքների մասին ինքն ու ընտանիքի անդամները տարիներ շարունակ լռել են, քանի որ իրենց սպառնացել են:

Այսպիսով, նոր երևան եկած հանգամանքերի արդյունքում ՀՀ գլխավոր դատախազի կողմից որոշում է կայացվել վերացնել դեռևս 1995թ. մարտի 3-ին Կոտայքի շրջդատախազության քննիչի կողմից կայացված՝ Ա. Ս.-ի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը, և 07.05.2018թ.-ին քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս