Ինդոնեզիայում տասը մարդ է տուժել ահաբեկիչների՝ վերջին երկու օրվա ընթացքում չորրորդ գրոհի հետևանքով
Ինդոնեզիայի Ճավա կղզու Սուրաբայա քաղաքում մայիսի 14-ին տասը մարդ վերքեր են ստացել ոստիկանական տեղամասի վրա մահապարտ ահաբեկիչների գրոհի հետեւանքով: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները՝ հղում անելով ոստիկանությանը:
Նշվում է, որ չորս մահապարտ ահաբեկիչներ՝ մոտոցիկլետներով, իրենց պայթեցրել են ոստիկանական տեղամասի շենքի մոտ: Միջադեպի հետեւանքով, հարձակվածներից բացի, ոչ ոք չի զոհվել: Ոստիկանությունը ճշտում է, որ հարձակվողների հետ եղել է նաեւ ութամյա մի աղջիկ, որը գրոհից հետո ողջ է մնացել. նրան տեղափոխել են հիվանդանոց:
Ոստիկանական տեղամասի վրա հարձակումը կատարվել է Սուրաբայա քաղաքի եկեղեցիներում՝ մահապարտների մի շարք գրոհներից մեկ օր անց: Մայիսի 13-ին երեք տաճարներում կատարված ահաբեկչական գործողությունների հետեւանքով զոհվել է 11 մարդ, վիրավորվել եւս ավելի քան 40 հոգի, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: