
Դեմիրթաշին ազատ արձակելու պահանջով քրդամետ կուսակցությունը կդիմի Թուրքիայի մեջլիսին ու ընտրական հանձնաժողովին

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը նախագահական ընտրություններում իր թեկնածուի՝ 2016 թվականից կալանքի տակ գտնվող Սելահաթթին Դեմիրթաշի համար նախընտրական հավասար պայմաններ ապահովելու նպատակով պատրաստվում է դիմել բարձրագույն ընտրական հանձնաժողով և խորհրդարան: Ուշագրավ է, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ նախագահի ընտրություններում պաշտոնապես գրանցվել է այն գործչի թեկնածությունը, ով գտնվում է բանտում: Այս մասին հայտնում է թուրքական T24 գործակալությունը:
Կուսակցությունը դիմելու է բարձրագույն ընտրական հանձնաժողովին՝ նշելով, որ կառույցը պարտավոր է հավասար պայմաններ ապահովել բոլոր թեկնածուների նախընտրական քարոզարշավի համար, ուստի Դեմիրթաշն այդ ընթացքում պետք է դուրս գա կալանավայրից և ազատության մեջ լինի: Նմանօրինակ դիմում է ներկայացվելու նաև մեջլիսի նախագահությանը:
Դեմիրթաշը 2016 թվականի նոյեմբերից գտնվում է Էդիրնեի բանտում: Նա մեղադրվում է «ահաբեկչական խմբավորում ստեղծելու և ղեկավարելու, հանցախմբի քարոզչություն իրականացնելու, հանցանքն ու հանցավորին գովաբանելու» մեջ: Նրա դեմ հարուցված մի քանի դատական գործերով գործչին սպառնում է մինչև 142 տարվա ազատազրկում:
Նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միևնույն օրը՝ հունիսի 24-ին: Ընտրություններով երկրում անցում կկատարվի կառավարման խորհրդարանական համակարգից նախագահական համակարգի: