
Հնդկաստանում 60-ից ավելի մարդ է զոհվել ավազամրրիկի պատճառով

60-ից ավելի մարդ է զոհվել մայիսի 13-ի երեկոյան Հնդկաստանը պատուհասած ավազամրրիկի պատճառով: Ինչպես մայիսի 14-ին հայտնել է NDTV հեռուստաալիքը, օդերեւութաբանները նախազգուշացնում են, որ այսօր երեկոյան տարերքը կարող է կրկնվել: ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն՝ ավազամրրիկից տուժել են հիմնականում երկրի հյուսիսն ու հյուսիս-արեւելքը, թեեւ զոհվածներ են եղել նաեւ հարավային նահանգներում:
Փոթորիկը հատկապես մեծ ավերածություններ է գործել Ութար Փրադեշի նահանգում, որտեղ զոհվել է 38 մարդ, ավերվել ավելի քան 100 տուն: Արեւմտյան Բենգալիայի նահանգում զոհվել է 12 մարդ: Զոհվածներ ու տուժածներ են գրանցվել նաեւ Անդհրա Փրադեշի, Տելանգանի նահանգներում, Դելիի Ազգային մայրաքաղաքային օկրուգում:
Սա արդեն երրորդ նման մրրիկն է, որը վերջին օրերին մոլեգնել է Հնդկաստանի հյուսիսում. անցած հինգշաբթի տարերքի հարվածից, ըստ տարբեր գնահատումների, զոհվել է 11-ից մինչեւ 13 մարդ, մայիսի 2-ին համանման փոթորիկը, որն ուղեկցվել է տեղատարափներով ու ամպրոպով, ըստ վերջին գնահատումների, շուրջ 120 մարդու կյանք է խլել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: