«Պրագմատիկ հեղափոխականը. ի՞նչ սպասել Նիկոլ Փաշինյանից». Մոսկովյան «Կարնեգի» կենտրոն
Ներկայացնում ենք Մոսկովյան «Կարնեգի» կենտրոնի կայքէջում հրապարակված՝ վերլուծաբան Միքայել Զոլյանի հոդվածը
Ապրիլի 23-ին պաշտոնը թողնելիս Հայաստանի նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանն իր հայտարարության մեջ գրել էր`«Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր. ես սխալվեցի»: Իշխող Հանրապետական կուսակցությունը դիմադրեց ևս մոտավորապես 2 շաբաթ, սակայն մայիսի 8-ին Ազգային ժողովում կայացած քվեարկության արդյունքներով ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը դարձավ Հայաստանի վարչապետ:
Ինչպես և Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններն ընդհանրապես, այնպես էլ Փաշինյանի կերպարը լիովին համապատասխանում է այն դասակարգումներին, որոնցով շատերն Արևմուտքում և նաև Ռուսաստանում սովոր են նկարագրել հետխորհրդային իրականությունը: Փաշինյանին դժվար է աջ կամ ձախ, արևմտամետ կամ ռուսամետ անվանել: Դրա փոխարեն նա երկու կերպար ունի` իր հետևից մարդկանց փողոց հանելու ունակ խարիզմատիկ հեղափոխական և պրագմատիկ քաղաքական գործիչ, ով պատրաստ է փոխզիջումների և տակտիկական միությունների:
Փաշինյանի իմիջը փոփոխական է, ինչպես արդեն հասցրել են նկատել նրանք, ովքեր հետևում են հայաստանյան իրադարձություններին: Վերջին 2 շաբաթների նրա կերպարը կատարյալ էր հեղափոխության առաջնորդի համար, երբ հանդես էր գալիս ուսապարկն ուսին գցած, ազատ ոճի հագուստ կրող բրուտալ մորուքավորի կերպարով, սակայն մայիսի 1-ին, երբ խորհրդարանում ելույթ էր ունենում որպես վարչապետի թեկնածու` Փաշինյանն արդեն կոստյումով ու փողկապով էր:
Փաշինյանի հետ Հայաստանում իշխանության է գալիս այն սերունդը, որին կարելի է անվանել հետխորհրդային: Փաշինյանը շատ քիչ ընդհանուր բան ունի հետխորհրդային երկրների մեծ մասում իշխող քաղաքական էլիտայի հետ, որը կամ խորհրդային նոմենկլատուրայի ժառանգորդ է, կամ 1990-ականների սկզբին իշխանության եկած դեմոկրատական շարժումների:
Մինչև այժմ Փաշինյանն իրական իշխանություն չի ունեցել (Հայաստանի խորհրդարանում ընդդիմադիր խմբակցության պատգամավորի մանդատը, բնականաբար, հաշիվ չէ): Դրանով նա տարբերվում է ոչ միայն մի շարք հետխորհրդային շրջանի երկարամյա նախագահներից, այլև գունավոր հեղափոխությունների շատ առաջնորդներից: Նույն Միխայիլ Սահակաշվիլին, ով, ըստ էության, հետխորհրդային շրջանի գլխավոր հեղափոխականն է, Էդուարդ Շևարդնաձեի կառավարությունում արդարադատության նախարարն էր:
Հայաստանի վերջին իրադարձություններն առաջին դեպքն էին հետխորհրդային շրջանում, երբ հաղթած ընդդիմության առաջնորդը ոչ թե իշխող էլիտայից պոկված ու դրանով պայմանավորված` որոշակի ռեսուրսների տիրապետող մեկն էր, այլ մարդ ներքևից, ով ամբողջ կյանքում գործնականորեն ընդդիմություն էր եղել: Այս առումով Փաշինյանի կարիերան ավելի շուտ 20-րդ դարի սկզբի պրոֆեսիոնալ հեղափոխականի կարիերա է հիշեցնում, քան տիպիկ հետխորհրդային քաղաքական գործչի:
43-ամյա Փաշինյանը ոչ միայն՝ որպես քաղաքական գործիչ, այլև՝ որպես անձնավորություն` ձևավորվել է արդեն հետխորհրդային շրջանում: Դա նրան առանձնացնում է և նախկին դիսիդենտ Լևոն Տեր-Պետրոսյանից, և նախկին կուսակցական աշխատողներ Ռոբերտ Քոչարյանից և Սերժ Սարգսյանից:
Արդեն ուսանողական տարիներին, ուսմանը զուգահեռ, Փաշինյանը զբաղվում էր լրագրությամբ: 1999թ. նա զբաղեցրեց «Հայկական Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագրի պաշտոնը, որը 2000-ական թթ. սկզբին դարձավ Հայաստանի ամենաընդդիմադիր թերթը: 2008թ. Փաշինյանը նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի շուրջը ձևավորված ընդդիմադիր շարժման ամենաակնառու ակտիվիստներից էր:
Այն բանից հետո, երբ շարժումը բռնի ուժի կիրառմամբ ճնշվեց, Փաշինյանը սկզբում ընդհատակում էր, իսկ մեկ տարի անց ինքնակամ ներկայացավ ու հանձնվեց իշխանություններին, դատապարտվեց զանգվածային անկարգությունների կազմակերպման համար ու բանտ նստեց: Քանի դեռ Փաշինյանը գտնվում էր փախուստի մեջ, նա վեպ գրեց, իսկ ազատազրկման վայրերում գտնվելու ժամանակ իր թերթի համար բանտային կյանքի մասին հոդվածներ էր գրում: Ի վերջո, իշխանությունները, ըստ երևույթին, որոշեցին, որ ճաղերից այն կողմ Փաշինյանն իր համար ավելի մեծ անհարմարություններ է ստեղծում, քան ազատության մեջ, և նրան 2011թ. համաներման ենթարկեցին:
Բանտից դուրս գալուց հետո Փաշինյանը բոցավառ հեղափոխականից վերածվեց լիովին պայմանավորվելու ունակ քաղաքական գործչի: Վերադառնալով ընդդիմության շարքերը` Փաշինյանը 2012թ. պատգամավոր ընտրվեց Տեր-Պետրոսյանի Հայ ազգային կոնգրես դաշինքից, սակայն շուտով նրանց հարաբերություններում լարվածություն է մտնում, ու Փաշինյանը հիմնում է «Քաղաքացիական պայմանագիր» անունը կրող իր կուսակցությունը:
2017թ. երկու այլ կուսակցությունների հետ միասին ստեղծելով «Ելք» դաշինքը` նա հերթական խորհրդարանական ընտրություններում հավաքելով մոտ 8% ձայն, կրկին անցավ Ազգային ժողով:
Ընտրությունների արդյունքներն ընդունելու համար, որոնք շատերն անարդար էին համարում, այլ ընդդիմադիրներ նրան մեղադրեցին իշխանությունների հետ համագործակցության մեջ: Այդ պատճառով էլ, երբ այս տարվա մարտի վերջին Փաշինյանը սկսեց Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու գործընթաց, շատերը դրան լուրջ չվերաբերվեցին: Դեռ ապրիլի կեսին, երբ ցուցարարների քանակն արդեն հազարների էր հասնում, որոշ ընդդիմադիրներ Փաշինյանի ակցիաները ձևական էին համարում ու վստահ էին, որ վաղ թե ուշ նա հետ կքաշվի:
Հեղափոխություն՝ առանց գաղափարախոսության: Ներքին քաղաքականություն:
Եթե խոսենք գաղափարախոսության մասին, որին հետևում են Փաշինյանն ու նրա շրջապատը, ապա ընդհանուր առմամբ Հայաստանում նրան ընկալում են՝ որպես լիբերալ-դեմոկրատական թևի ներկայացուցչի, սակայն երկրի քաղաքական գունապնակում նրա տեղը որոշելը բավականին բարդ է: Եվ հարցն այստեղ ոչ այնքան Փաշինյանի «օպորտունիզմի» մեջ է, որի մասին խոսում են նրա քաղաքական հակառակորդները, այլ այն բանի մեջ, որ հայկական քաղաքականությունն ընդհանրապես դժվարությամբ է տրվում ավանդական գաղափարական դասակարգումների նկարագրությանը:
Տասնամյակներ շարունակ Հայաստանի քաղաքական կյանքի հիմնական կոֆլիկտն անցնում էր ոչ թե աջ-ձախ կամ ազատականներ-պահպանողականներ գծերով, այլ իշխանություն-ընդդիմություն գծով: Ողջ այդ ընթացքում տարբեր հայկական ընդդիմադիրներ առաջարկում էին միևնույն օրակարգը` կոռուպցիայի դեմ պայքար, ազնիվ ընտրություններ, մենաշնորհների վերացում և այլն: Այս ֆոնի վրա Փաշինյանը տարբերվում էր նախանձելի կայունությամբ, քանի որ կոռուպցիայի և օլիգարխիայի դեմ պայքարի թեման նրա համար գլխավորն էր դեռևս իր լրագրողական գործունեության սկզբում:
Ինչ վերաբերում է առաջիկա բարեփոխումների ծրագրին, ապա դեռևս Փաշինյանն ու նրա կողմնակիցները չեն շտապում կոնկրետացնել իրենց պլանները և խոսում են հիմնականում ընտրական համակարգի արագ բարեփոխումների անհրաժեշտության մասին, որը կբացառի ընտրությունների ժամանակ չարաշահումների ու կեղծումների հնարավորությունը և թույլ կտա անցկացնել արտահերթ թափանցիկ ընտրություններ:
Ինչ էլ որ պատահի հետո, Փաշինյանն ու նրա զինակիցները նկարագրում են բավականին հեղհեղուկ կերպով: Այսպես, նրանք խոսում են կոռուպցիայի, օլիգարխիայի, մենաշնորհների դեմ պայքարի մասին, այն մասին, որ «նոր Հայաստանում» կլինի օրենքի գերակայություն, որ բիզնեսը, այդ թվում և՝ մանրն ու միջինը, կստանա առանց պետական օրգանների ճնշման զարգանալու հնարավորություն, սակայն թե հենց ինչպես են նրանք պատրաստվում դրան հասնել, դեռևս անհասկանալի է:
Ըստ երևույթին այդ անորոշությունը պայմանավորված է նրանով, որ Փաշինյանը չի ուզում կորցնել համակիրներին, որոնց մի մասին ցանկացած կոնկրետացում կարող է վախեցնել ու վանել: Այսօր Փաշինյանին պետք է ընդարձակ կոալիցիա, որպեսզի ավարտին հասցնի իշխանությունից հանրապետականների հեռացման գործընթացը: Հենց այդ պատճառով էլ նա համագործակցում է խորհրդարանական 2 կուսակցությունների հետ, թեպետ դեռևս մինչև վերջերս նրանցից մեկը`«Բարգավաճ Հայաստանը»` բիզնեսմեն Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, համակարգային ընդդիմություն էր, իսկ մյուսը` Հրանտ Մարգարյանի գլխավորած Հայ Հեղափոխական Դաշնակցությունը, հանրապետականների կոալիցիոն գործընկերը:
Ավելին, Փաշինյանը հասկացնել է տալիս, որ ապագա իշխանական համակարգում չի լինելու կադրային զտում, և, որ ինքը պատրաստ է համագործակցել մասնագետ-տեխնոկրատների հետ, որոնք իշխանության մեջ էին դեռևս հանրապետական կառավարության ժամանակ: Տեխնոկրատների հետ համագործակցությունն անհրաժեշտ է Փաշինյանին նաև այն բանի համար, որ նա դեռ իր սեփական թիմը չունի: Մինչև վերջին իրադարձությունները նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չափազանց փոքրաթիվ էր, և Փաշինյանը ստիպված է մարդիկ փնտրել նրա սահմաններից դուրս:
Ընդդիմադիր շարժմանը մասնակցել են քաղաքացիական հասարակության շատ ներկայացուցիչներ, սակայն նախ՝ նրանցից ոչ բոլորն են պատրաստ իշխանություն լինել, և երկրորդ՝ ոչ բոլորն ունեն կառավարման անհրաժեշտ հմտություններ: Ճիշտ է, հաշվի առնելով հայկական առանձնահատկությունը, Փաշինյանն ունի ևս մեկ կադրային ռեզերվ, որի վրա նա կարող է հույս դնել` հայկական Սփյուռքը, որը հայկական իրադարձություններին մեծ խանդավառությամբ արձագանքեց:
Առանց կտրուկ շարժումների: Արտաքին քաղաքականություն:
Բնական է, որ, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Արևմուտքում հաղթանակած հեղափոխությանը տրվող հիմնական հարցերը վերաբերում են Հայաստանի արտաքին քաղաքականությանը: Հայկական իշխող հանրապետականները, հատկապես՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, ձգտում էին Փաշինյանին ներկայացնել՝ որպես համոզված արևմտամետի, որպեսզի ստանային Կրեմլի աջակցությունը ներքաղաքական պայքարում: Ինքը` Փաշինյանը, ընդհակառակը, անում էր ամեն ինչ, որպեսզի Մոսկվայում իրեն չհամարեն արևմտամետ գործիչ:
Նա մասնավորապես հայտարարեց, որ ընդդիմադիր շարժումն ունի բացառապես ներքաղաքական օրակարգ ու իր առջև արտաքին քաղաքական նպատակներ չի դնում, և անգամ միտինգներից մեկի ժամանակ կարդաց Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունը` որպես ապացույց այն բանի, որ Մոսկվայում այդ ամենը հասկանում են:
Որպես վարչապետի թեկնածու ելույթ ունենալով` Փաշինյանն անընդհատ շեշտում էր, որ Հայաստանը դուրս չի գալու ոչ ԵԱՏՄ-ից, և ոչ էլ ՀԱՊԿ-ից, իսկ ռուսական սահմանապահներն ու ռուսական ռազմաբազան մնալու են Հայաստանում: Միաժամանակ նա ասում էր, որ Հայաստանը նախկինի պես զարգացնելու է իր հարաբերություններն իր հարևան Վրաստանի ու Իրանի, ինչպես նաև՝ Եվրամիության ու ԱՄՆ-ի հետ:
Ընդհանուր առմամբ Փաշինյանի մեսիջի իմաստն այն է, որ Հայաստանը կտրուկ շարժումներ չի անելու ու լինելու է բազմավեկտոր արտաքին քաղաքականության հետևորդը: Դրա համար հակառակորդները Փաշինյանին մեղադրում են օպորտունիզմի ու անսկզբունքայնության մեջ` մեջբերելով նրա իսկ հին ելույթներն ու հոդվածները, որոնցում նա քննադատում էր նախկին իշխանությունների արտաքին քաղաքականությունը:
Որոշակի չափով իսկապես կարելի է խոսել Փաշինյանի արտաքին քաղաքական հայացքների խմբագրումների մասին, սակայն նրան հետագայում հանգամանքների ազդեցության ներքո ռուսամետի վերածված արևմտամետ ներկայացնելը նույնպես սխալ է: Իրականում Փաշինյանը, լինելով ընդդիմության մեջ, քննադատում էր հայ-ռուսական հարաբերությունների վիճակը ոչ այնքան՝ արևմտամետ գործչի, որքան՝ պետականամետ գործչի դիրքերից, որի համար առաջնահերթություն է ոչ թե՝ գեոպոլիտիկ կողմնորոշումը, այլ՝ Հայաստանի ինքնորոշումը:
Այդ պատճառով էլ, եթե խոսեն հայ-ռուսական հարաբերությունների մասին, ապա դրանք հավանաբար կզարգանան ոչ թե վրացական սցենարով, ինչպես կանխատեսում են որոշ ռուս վերլուծաբաններ, այլ բելառուսական կամ ղազախստանյան: Այլ կերպ ասած, ամեն կերպ շեշտելով Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների կարևորությունը` Փաշինյանը, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, հավանաբար չի վախենա հրապարակայնորեն սուր հարցեր տալ, ասենք, ՀԱՊԿ երկրների կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումների մասին:
Փաշինյանին բազմավեկտոր արտաքին քաղաքականության շրջանակներում պահող ևս մեկ պատճառ է հանդիսանում Հայաստանի 2 անմիջական հարևանների` Թուրքիայի և Ադրբեջանի հետ ունեցած չլուծված խնդիրները: Հայաստանում գնահատում են այն ռիսկը, որ Ադրբեջանը կարող է օգտվել արցախյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու` պահի ընձեռած հնարավորությունից:: Բաքվի համար գայթակղությունն առավել քան մեծ է, քանի որ այնտեղ հասկանում են, որ հայկական ընդդիմության հաջողությունը կարող է ներկա դրությամբ բարոյալքված ադրբեջանական ընդդիմության համար խթան հանդիսանալ:
Ճիշտ է, չնայած Հայաստանում տեղի ունեցած բուռն իրադարձություններին, հակամարտության գոտում բարդություններից դեռևս հաջողվել է խուսափել, այդ թվում՝ նաև Մոսկվայի դիրքորոշման շնորհիվ, որը, ըստ երևույթին, ադրբեջանական իշխանություններին հասկացնել է տվել, որ իր համար կոնֆլիկտի սրացումը ցանկալի չէ:
Ինքը` Փաշինյանը, իր դիրքորոշումն արցախյան խնդրի լուծման հարցում բնորոշում է մոտավորապես այսպես. հարցը պետք է լուծվի փոխզիջման հիմքում, սակայն քանի դեռ Բաքուն չի հրաժարվել իր ագրեսիվ հռետորաբանությունից, փոխզիջման մասին խոսելն անհնարին է: Սկզբունքորեն նմանատիպ բան ասում էր նաև Սերժ Սարգսյանը, սակայն Փաշինյանի շուրթերով այն փոքր-ինչ այլ կերպ է հնչում: Երկարաժամկետ հեռանկարում կոնֆլիկտի կողմ հանդիսացող երկրներից մեկում հասարակության վստահությունը վայելող առաջնորդի ի հայտ գալը թույլ է տալիս հույս ունենալ խաղաղ կարգավորման գործընթացում աշխուժություն ակնկալել, սակայն մոտ ապագայում արցախյան կոնֆլիկտի կարգավորման հարցում կարդինալ ճեղքումների հույս չարժե ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում և՛ հասարակության, և՛ իշխանության համար առաջնայինը ոչ թե արտաքին քաղաքականությունն է ու չսառեցված կոնֆլիկտները, այլ երկրի ներքին տրանսֆորմացիան:
Միքայել Զոլյան
carnegie.ru
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը