«Պատմության մեջ չի եղել նման հեղափոխություն. Փաշինյանն ընտրել է շատ բարդ, բայց օրինական ճանապարհ». Սամվել Հակոբյան

Անվտանգության և Կոնֆլիկտոլոգիայի Եվրոպական Ակադեմիայի ակադեմիկոս, Փաստավավերագրության միջազգային ակադեմիայի նախագահ Սամվել Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ թավշյա հեղափոխությունը բարձրացրեց Հայաստանի հեղինակությունը գերտերությունների մոտ։

«Վերջին տասնամյակներում մենք շատ բան էինք կորցրել, մտածում էին, թե մենք այն չենք, որ մեզ հետ խոսեն հավասարը հավասարի հետ։ Բայց հիմա այդ վերաբերմունքը փոխվեց»,- ասաց նա՝ հավելելով, որ պատմության մեջ չի եղել նման հեղափոխություն։

Նիկոլ Փաշինյանը, ըստ նրա՝ ընտրել է շատ բարդ, բայց օրինական ճանապարհ. «Կարող է երկար տևել, բայց ժողովուրդը կհամոզվի, որ այդ ճանապարհը ճիշտ է»։

Հակոբյանն ասաց, որ նախկին կառավարությունները չէին կարողանում աշխատել, նախարարները ոչնչացնում էին բնագավառները։ «Մեզ մոտ նախարարություններն իրոք խիստ անձնավորված են, անձից շատ բան է կախված, բայց այդպես չպետք է լինի։ Մի քանի նախարարություններ վերջին երկու տասնամյակում դարձել էին փորձադաշտ, և մենք շատ բաներ կորցրինք»,- ասաց նա՝ ընդգծելով, որ պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո առաջարկով հանդես գալ, որ նախարարությունների օպտիմալացում տեղի ունենա։

«Ֆինանսների և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը պետք է միացնել իրար: Գյուղատնտեսության, բնապահպանության, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունները մեկ նախարարության մեջ միավորել, իսկ սփյուռքի նախարարությունը դարձնել վարչություն՝ արտաքին գործերի նախարարության կազմում»,- եզրափակեց նա։

Տեսանյութեր

Լրահոս