Հրաչ Բերբերյանը՝ գյուղատնտեսության նախարար դառնալու մասին

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ խորհրդակցություն են ունեցել, և ֆերմերների ցանկությունն է, որ գյուղատնտեսության նախարարը լինի բնագավառին շատ ծանոթ, ֆերմերների կողմից ճանաչված։

«Վերջին մի քանի նշանակումները ցույց տվեցին, որ պատահական մարդիկ հերթով «գալիս անց են կենում», իսկ գյուղատնտեսությունը գնալով անկում է ապրում։ Մենք հիմնականում մեղադրում ենք այն ավանտյուրիստներին, որոնք խցկվել են քաղաքական ուժերի մեջ՝ հատուկ պաշտոններ գրավելու համար։ Սա անընդունելի է։ Ասել ենք և կասենք, որ գյուղատնտեսությունը պետք է լինի ապաքաղաքականացված։ Չի կարող քաղաքականացված լինել մի բնագավառ, որն ապահովում է ազգաբնակչության զբաղվածության կեսը։ Պետք է լինի մի մարդ, որին ժողովուրդը գնահատում և ճանաչում է, այսինքն՝ մարդ, ով գյուղացու կողքին է, օղի, կոնյակ լցնող, պահածոյագործ չէ։ Նշանակումները բերում էին նրան, որ նախկին ղեկավարությունը սննդի արդյունաբերությունը փորձում էր խառնել գյուղատնտեսության հետ»,- նշեց Ագրարագյուղացիական միավորման նախագահը։

Հրաչ Բերբերյանը նկատեց՝ պատահական մարդիկ դառնում են գյուղատնտեսության նախարար կամ փոխնախարարներ, փչացնում են ոլորտը. «Արդյունքում՝ այսօր մեր անասնաբուծության ոլորտում խոշոր եղջերավոր անասունների մոտ 70 հազար գլխի անկում ունենք, որից 35 հազարը կովեր են, ունենք մոտ 20 տոկոս խոզի գլխաքանակի անկում, այդքան էլ՝ ոչխարի գլխաքանակի անկում։ Այս ամենն այդ պատահական մարդկանց մեղքով է, որոնք բնագավառը բարձիթողի վիճակում են պահել»։

Մեր հարցին՝ առաջարկի դեպքում կդառնա՞ գյուղատնտեսության նախարար, Հրաչ Բերբերյանն այսպես պատասխանեց.

«Պատասխանատվության հարց է. պատահական մարդիկ քանդել են նախարարության այն ստրուկտուրաները, որոնք գյուղացու հետ պետք է աշխատեին։

Այսինքն՝ այսօր գյուղատնտեսության նախարարը պետք է լիքը իրավունքներ ունենա, որ առաջին օրվանից գնա բարեփոխումների, կարգավորի «Գյուղմթերք արտադրողների մասին» օրենքը, նրա պաշտպանվածության հարցը լուծի, համակարգային փոփոխություն իրականացնի։ Եթե նման առաջարկ լինի, պետք է քննարկել այդ հարցերը. ես այն մարդը չեմ, որ պատահական տեղ կգնամ՝ չհասկանալով, թե ինչ եմ անում։

Ես ունեմ մեծ փորձ գյուղատնտեսության ոլորտում, գիտեմ խնդիրները, ինչը նշանակում է, որ այդ փորձը ներդնելիս՝ չպետք է խանգարեն։ Եթե չխանգարեն, ես նեցուկ կկանգնեմ։ Ամենակարևորը, որ մենք պետք է ստեղծենք այն կադրային բանկը, որը հետագայում պետք է մեզ փոխարինի։ Այսօր այդ կադրային բանկն էլ է կոտրված։ Եթե ստեղծվի այն վստահությունը, որ դու կարող ես քո գաղափարները ներդնել, ոլորտը զարգացնել, իհարկե կհամաձայնեմ, իսկ եթե պետք է խոչընդոտեն, ապա իհարկե չեմ համաձայնի»։

Տեսանյութեր

Լրահոս