Իրանցիները բողոքի ակցիաների են դուրս եկել միջուկային գործարքից դուրս գալու ԱՄՆ-ի որոշման դեմ
Մի քանի հազար մարդ է Իրանի քաղաքների փողոցներ դուրս եկել ի նշան միջուկային համաձայնագրից դուրս գալու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ բողոքի: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը: Գործակալությունը նշում է, որ բողոքի դուրս եկած իրանցիններից շատերն ասում են, որ «իրապես զայրացած են» Թրամփի որոշման կապակցությամբ:
Մայիսի 8-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Գործողությունների համատեղ համապարակ ծրագրից (ԳՀՀԾ) ԱՄՆ-ի դուրս գալու, ինչպես նաեւ այն մասին, որ ամերիկյան վարչակազմն սկսում է Իրանի դեմ համապատասխան պատժամիջոցների գործողության վերականգման գործընթացը: Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ին համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ:
Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ընդունմամբ: 2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով:
Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: