
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թրամփի հետ բանակցություններ կվարի ԱՄՆ այցի ընթացքում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը մայիսի 16-18-ին այց կկատարի ԱՄՆ, որի ընթացքում բանակցություններ կվարի երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այդ մասին մայիսի 11-ին հայտնել է դաշինքի մամուլի ծառայությունը:
«Գլխավոր քարտուղարը հուլիսին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին դաշնակիցների հետ կոնսուլտացիաների շրջանակում մայիսի 16-18-ին այցով կգտնվի ԱՄՆ-ում: Գլխավոր քարտուղարը հանդիպում կունենա ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ»,-ասված է տարածված հաղորդագրության մեջ:
Բացի այդ, Ստոլտենբերգը մտադիր է հանդիպում ունենալ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի, երկրի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի եւ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի հետ: Ընդ որում՝ դաշինքի մամուլի ծառայությունը չի ճշտել ԱՄՆ-ի ղեկավարության հետ Ստոլտենբերգի բանակցությունների օրակարգը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: