«Չեմ կարծում, որ սիրո, համերաշխության երանգի տակ՝ ոստիկանապետ, դատախազ կամ պաշտպանության նախարար պետք է նշանակեն». Վահրամ Բաղդասարյան
«Մեզ համար այս պահին ամենակարևորն այն է, որ այս իրավիճակում մեր ազգային անվտանգության խնդիրների նահանջ չունենաք, և արտաքին քաղաքական վեկտորը չփոխվի»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Խոսելով արդեն կատարված նշանակումների մասին՝ Վ. Բաղդասարյանը նշեց, որ ժամանակ է պետք, որպեսզի տեսնեն՝ մարդիկ ինչպես են աշխատում. «Մարդկանց մեծամասնության հետ մենք աշխատել ենք, բայց աշխատել ենք տարբեր ոլորտներում: Որպես կազմակերպչական ջիղ՝ կարող ենք գնահատել բավարար, բայց մնացածն աշխատանքի արդյունքում կերևա»:
Դիտարկմանը՝ Վալերի Օսիպյանի նշանակումը ոստիկանապետի պաշտոնում կարծես սիրո, համերաշխության փշալարերը ժողովրդի և ոստիկանության մեջտեղից հանելու խորհրդանիշ էր, Վ. Բաղդասարյանն այսպես պատասխանեց.
«Ես չեմ կարծում, որ սիրո, համերաշխության երանգի տակ՝ ոստիկանապետ, դատախազ կամ պաշտպանության նախարար պետք է նշանակեն, մտածում եմ՝ այդ նշանակումները պետք է լինեն զուտ պրոֆեսիոնալիզմի գնահատականով: Ես որևէ մեկ անգամ Օսիպյանի հետ չեմ առնչվել, կաշխատի, կտեսնենք, միայն գիտեմ, որ նա՝ որպես ոստիկան, բավականին պարտաճանաչ ոստիկան է, հանձնարարականներ կատարող, իսկ որպես հանձնարարականներ տվող՝ չգիտեմ»: