Արդյո՞ք դպրոցի մասնաշենքում արտադրության կազմակերպումը չի խաթարի դասապրոցեսը
Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղում նոր աշխատատեղեր կստեղծվեն: ՀՀ կառավարության նիստում, որը վարում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անհատույց օգտագործման նպատակով տարածք է տրամադրվել «Ոսկե կար» ընկերությանը: Վերջինս աշխատելու է թեթև արդյունաբերության ոլորտում՝ կազմակերպելով կարի արտադրություն:
Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Վոլոդյա Գասպարյանը, զեկուցելով հարցը, նշեց, որ տրամադրվող տարածքը գտնվում է Վայոց ձորի մարզի Խաչիկ համայնքի դպրոցի մասնաշենքի 2-րդ հարկում, որն ունի 3 մլն 21 հազար դրամ գնահատված արժեք: Տարածքը տրամադրվում է «Ոսկե կար» ՍՊԸ-ին 8 տարի ժամկետով:
«Միաժամանակ, ընկերությունը պարտավորվել է կատարել տարածքի շինարարության և սարքավորումների ձեռքբերման աշխատանք: Իրականացնելով 25 մլն դրամի ներդրում՝ ընկերությունը նախատեսում է ստեղծել 20 աշխատատեղ»,- ասաց Վոլոդյա Գասպարյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք դպրոցի մասնաշենքում արտադրության կազմակերպումը չի խաթարի դասապրոցեսը: Հարցը զեկուցողը նշեց, որ խնդիրներ չեն առաջանա:
«Փաստորեն այդ արտադրամասը գործելու է դպրոցի տարածքում, ի վերջո պետք է հասկանալ, թե աշխատողները որտեղից են ելք ու մուտք ունենալու, արտադրության համար նախատեսված իրերն ինչպես են տարածք բարձրացնելու: Հասկանանք, կրթական պրոցեսին խանգարելու է, թե ոչ: Քանի որ աշխատատեղերի ստեղծումը շատ կարևոր է, ես առաջարկում եմ նախագիծն ընդունել, սակայն կհետևենք իրավիճակին, եթե ահազանգեր կլինեն, որ ուսումնական պրոցեսի հետ կապված անհամատեղելիության խնդիր կա, ապա պետք է ուսումնասիրել, գուցե այլ տարբերակներ առաջարկվի այս ընկերությանը: Խնդիրների դեպքում պետք է կարողանանք այլ լուծում տալ, որ և՛ աշխատատեղերը ստեղծվեն, և՛ դպրոցի բնականոն գործունեությունը չխաթարվի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: