Բեռլինը գործընկերների հետ քննարկում է Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքները
Գերմանիան գործընկերների հետ քննարկում է ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ պատժամիջոցների սահմանման հնարավոր հետեւանքները միջուկային գործարքից Վաշինգտոնի դուրս գալուց հետո: Այդ մասին, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, ԳԴՀ-ի էկոնոմիկայի եւ էներգետիկայի նախարար Պետեր Ալտմայերը հայտարարել է Deutschlandfunk ռադիոկայանին տված հարցազրույցում, որը հրապարակվել է մայիսի 11-ին:
«Մենք քննարկում ենք, թե ինչպիսին կլինեն տնտեսական հետեւանքները, ինչպես կարելի է խուսափել Գերմանիայում աշխատատեղերի համար բացասական հետեւանքներից: Այստեղ մենք աշխատում ենք ԵՄ-ի, Եվրահանձնաժողովի հետ միասին»,-ասել է նա: Ալտմայերի խոսքով՝ ԳԴՀ-ն ձգտում է իրավական անվտանգություն ապահովել իր ֆիրմաների համար:
Նախարարը նախազգուշացրել է էսկալացիայի սաստկացումից, անորոշությունից, որոնք, վերջին հաշվով, «բացասական ազդեցություն կունենան ոչ միայն քաղաքական տեսակետից, այլեւ կազդեն համաշխարհային տնտեսության զարգացման վրա»:
Ալտմայերը վաղաժամ է համարում Իրանի նկատմամբ պատժամիջոցներին վերադառնալը: «Մենք պետք է խորհրդածենք՝ հարկավոր է արդյոք Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանել, երբ ընդհանրապես չի կարելի արձանագրել, որ խախտվել է (միջուկային գործարքի վերաբերյալ) համաձայնագիրը»,-ասել է նա: Նախարարը մատնանշել է, որ «եվրոպացիները չունեն դրա որեւիցե համոզիչ ապացույց» եւ ասել է, որ Իրանի հետ կնքված գործարքի ապագան քննարկվում է «բոլոր կողմերի հետ, այդ թվում՝ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ»: