Լեհաստանի Սեյմն ընդունեց խորհրդարանականների աշխատավարձը 20 տոկոսով իջեցնելու օրինագիծը
Լեհաստանի Սեյմն ընդունել է խորհրդարանականների աշխատավարձը 20 տոկոսով իջեցնելու օրինագիծը: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստին: Այժմ պատգամավորի եւ սենատորի ռոճիկը կհամապատասխանի պետքարտուղարի տեղակալի աշխատավարձի չափի 80 տոկոսին:
Օրինագծի ընդունման օգտին քվեարկել է 240 պատգամավոր, 2-ը դեմ են եղել, 5-ը ձեռնպահ են մնացել: Քվեարկությանը չի մասնակցել 213 պատգամավոր, այդ թվում՝ «Քաղաքացիական պլատֆորմ», «Նովոչեսնայա» եւ Լեհաստանի գյուղացիական կուսակցություն ընդդիմադիր խմբակցությունները: Նախկին մակարդակին կմնան այն գումարները, որոնք նախատեսված են պատգամավորների այն ծախսերի հատուցման համար, որոնք կապված են երկրի տարածքում պարտականությունների կատարման հետ: Այդ ծախսերը կկազմեն պետքարտուղարի տեղակալի դրույքի 25 տոկոսը:
Օրինագծի քննարկման ժամանակ փաստաթուղթը ենթարկվել է ընդդիմադիր պատգամավորների խիստ քննադատությանը: Պատգամավորների աշխատավարձերի իջեցման օրինագիծը պատրաստել է Լեհաստանի «Իրավունք եւ արդարություն» կառավարող կուսակցությունն այն բանից հետո, երբ Լեհաստանում սկանդալ բորբոքվեց այն պարգեւավճարների շուրջը, որոնք վճարվել էին կառավարության անդամներին:
Կառավարող կուսակցությունը նաեւ որոշել է, որ նախարարները կվերադարձնեն այդ պարգեւավճարները՝ դրանք հանձնելով բարեգործական նպատակների: