Լեհաստանում բեռնատար շարժակազմը դուրս է ընկել ռելսերից
Լեհաստանում գնացքների երթեւեկության գրաֆիկը լրջորեն խախտված է Պոզնանի եւ Շչեցինի միջեւ բեռնատար շարժակազմի վթարից հետո: Այդ մասին հայտնել է տեղի երկաթուղու վարչակազմի ներկայացուցիչը:
«Մայիսի 10-ի երեկոյան Վրոնկի կայարան մտնելիս բեռնատար շարժակազմը դուրս է ընկել ռելսերից: Ոչ ոք չի տուժել, բայց վնասվել են բազմաթիվ վագոններ: Ռելսերի վրա ածուխ է թափվել»,-ասված է հաղորդագրության մեջ:
Վթարի պատճառով մարդատար գնացքները տարբեր ուղղություններով ուշանում են մի քանի ժամով: Պատահարի վայրում ռելսերը երկու ուղղությամբ էլ արգելափակված են մնում:
Իրադրությունը լարված է, որովհետեւ երկաթուղին խնդիրներ ունի՝ կապված արգելափակված տեղամասի շրջանցման հետ: Փոխադրողները կազմակերպում են ավտոբուսային ուղերթներ:
Պատահարի վայրից արդեն հեռացվել է լոկոմոտիվը, բայց երկաթգծերի վրա դեռեւս գտնվում է 12 վագոն: Նշվում է, որ վթարված գնացքի մեքենավարին արդեն ստուգել են՝ պարզելու նրա օրգանիզմում ալկոհոլի առկայությունը: Բժիշկների տվյալներով՝ տղամարդը սթափ վիճակում է եղել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: