
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում բարձրացրեց կարկտահարության հարցը

Այսօր առաջին անգամ ՀՀ կառավարության նիստը վարում է նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգին անցնելը` Ն.Փաշինյանը դիմեց գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Իգնատի Առաքելյանին` նշելով, որ Արմավիրի մարզում կարկտահարության դեպք է տեղի ունեցել, ի՞նչ վիճակ է:
Ի. Առաքելյանը տեղեկացրեց, որ համապատասխան մասնագետների անձնակազմ են ուղարկել մարզ և վերադառնալուն պես կզեկուցեն:
«Վնասը մեծ ծավալի չէ, բայց կան այգիներ, որոնք վնասվել են»,- ասաց Ի.Առաքելյանը` հավելելով, որ հանձնաժողովը գնահատելու և ֆիքսելու է վնասի չափը:
Վարչապետը հետաքրքրվեց, թե ի՞նչ աջակցություն է ցուցաբերվել նման դեպքերում:
Ի.Առաքելյանը նշեց, որ ջրի վարձ կամ հողի հարկ կամ սերմերի դեպքում փոխահատուցում է եղել. «Ավելի չի տրամադրվել»:
«Կանդրադառնանք այդ թեմային, որովհետև պետք է այնպես անել, որ աջակցությունը լինի ոչ այնքան ֆորմալ, որքան արդյունավետ, որ մարդիկ իսկապես զգան, որ պետությունը լրջագույն ջանք է գործադրում, որ այդ վիճակից դուրս գան»,- ասաց ՀՀ վարչապետը` ԱԻՆ նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանից հետաքրքրվելով, թե հակակարտային համակարգն ինչո՞ւ չի կարողանում հակազդել:
Նախարարի պաշտոնակատարը պատասխանեց, որ այդ վայրերը դուրս են եղել համակարգի ազդեցության դաշտից:
Ն.Փաշինյանի հարցին, թե քանի՞ տոկոսն է այդ համակարգը ծածկում, Տոնոյանը պատասխանեց, որ հիմա կարող անում ենք ընդամենը 15%-ը ծածկել, բայց նոր համակարգ է ներմուծվում Ռուսաստանից, որ թույլ կտա ավելացնել այդ տարածքները` 2 տարում մինչև 70%:
«Այս թեմային պետք է անդարդարձ կատարել կառավարության ձևավորումից հետո»,- հավելեց Ն.Փաշինյանը: