
Բժիշկներն ամերիկուհու համար նոր ականջ են աճեցրել նրա թևին

ԱՄՆ-ում բժիշկները ամերիկուհու համար նոր ականջ են աճեցրել նրա թեւին: Այս մասին հայտնել է Fox 30 նորությունների տարածաշրջանային պորտալը: Տեխասի նահանգի էլ Պասո քաղաքի ռազմակայանի Ուիլյամ Բոմոնտի անվան բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժներն առաջին անգամ նման վիրահատություն են կատարել ամերիկյան բանակի ծառայողի համար: Պացիենտուհին՝ շարքային Շամիկա Բարաջը, ականջախեցուց զրկվել է 2016 թվականին տեղի ունեցած վթարի ժամանակ, երբ19 տարեկան էր:
Բժիշկներն աճառային հյուսվածք են ստացել Բարաջի կողոսկրներից եւ դրանից նոր ականջ կտրել: Այնուհետեւ նրանք դա տեղադրել են աղջկա նախաբազկին, որպեսզի դրանում արյունատար անոթներ աճեն: Դրա շնորհիվ աղջիկն ականջն օտարածին չի զգա եւ կկարողանա զգալ այն, ինչպես եւ մարմնի ցանկացած այլ մաս:
«Ականջը գերազանց տեսք ունի, աղջիկը կարող է դրանով զգացողություններ ունենալ, եւ հինգ տարի հետո այն արդեն հնարավոր չի լինի տարբերել իսկականից»,- նշել է պլաստիկ վիրաբույժ, փոխգնդապետ Օուեն Ջոնսոն III-ը, որը ղեկավարում է պլաստիկ եւ վերականգնողական վիրաբուժության բաժանմունքը: Նա հավելել է, որ վիրահատությունից մնացած սպին կփակվի աղջկա նախաբազկից վերցված մաշկի միջոցով: