Բաժիններ՝

Ռուսաստանցիների կարծիքով՝ իրենց երկրին առավել վստահելի հարաբերություններ ունի Բելառուսի և Չինաստանի հետ

Ռուսաստանցիներն այն կարծիքին են, որ ներկայում Ռուսաստանն առավել մոտ ու բարեկամական հարաբերություններ ունի Բելառուսի, Չինաստանի եւ Ղազախստանի հետ, իսկ ամենավատ հարաբերությունները՝ ԱՄՆ-ի, Ուկրաինայի եւ Մեծ Բրիտանիայի հետ: Այդ մասին, ինչպես հայտնել է ՌԻԱ Նովոստին, վկայում են «Հասարակական կարծիք» հիմնադրամի անցկացրած հարցման արդյունքները:

Ռուսաստանցիները կարծում են, որ ներկայում Ռուսաստանն առավել վստահելի հարաբերություններն ունի Բելառուսի (59 տոկոս), Չինաստանի (58 տոկոս), Ղազախստանի (40 տոկոս), ինչպես նաեւ Թուրքիայի (26 տոկոս), Հնդկաստանի (21 տոկոս), Կուբայի (14 տոկոս), Իրանի (12 տոկոս), Ճապոնիայի (11 տոկոս) հետ: Հարցման մասնակիցների 10 տոկոսից պակասը նաեւ նշել են (երկրները նշվել են նվազման կարգով) Գերմանիան, Բրազիլիան, Վենեսուելան, Իսրայելը, Իտալիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Ուկրաինան, Կանադան եւ ԱՄՆ-ը:

Հարցվածներն այսպես են պատասխանել սոցիոլոգների հետեւյալ հարցին. «Ձեր կարծիքով՝ այս երկրներից որոնք Ռուսաստանի հետ ունեն առավել մոտ եւ բարեկամական հարաբերությունները»: Հարցման մասնակիցները կարող էին ընտրել հինգից ոչ ավելի տարբերակներ: Դժվարացել է պատասխանել հարցվածների 12 տոկոսը:

Համանման հարցմանը եւ խնդրանքին՝ նշելու այն երկրները, որոնք Ռուսաստանի հետ, ընդհակառակը, «առավել վատ, ոչ բարեկամական» հարաբերություններ ունեն, հարցվածները տվել են հետեւյալ պատասխանները. ԱՄՆ-ն (83 տոկոս), Ուկրաինան (53 տոկոս), Մեծ Բրիտանիան (48 տոկոս), Ֆրանսիան (24 տոկոս), Գերմանիան (23 տոկոս), Կանադան (10 տոկոս), Իսրայելը (4 տոկոս), Իրանը (4 տոկոս), Թուրքիան (3 տոկոս, ընդ որում՝ 2015 թվականի ապրիլի 30-ին այդ բաժինը կազմել էր 63 տոկոս), Ճապոնիան (2 տոկոս), Իտալիան (2 տոկոս):

Մեկական տոկոս են հավաքել Բելառուսը, Ղազախստանը, Չինաստանը, Վենեսուելան, Կուբան, 1 տոկոսից պակաս՝ Բրազիլիան, Հնդկաստանը: Դժվարացել է պատասխանել 7 տոկոսը: Հարցումը, որին մասնակցել է 1,5 հազար մարդ, ապրիլի 28-29-ին անցկացվել է Ռուսաստանի 53 տարածաշրջաններում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս