«Դոնալդ Թրամփը նույնիսկ իր նախընտրական քարոզներում հայտարարում էր, որ այդ ծրագիրն ամենավատ գործարքն է եղել»

Արևելագետ Գոհար Իսկանդարյանի համոզմամբ՝ ԱՄՆ-ն Իրանի միջուկային ծրագրից դուրս է եկել, քանի որ այդ պայմանագիրը Թրամփին չէր բավարարում և ցանկանում էր մեծացնել ազդեցության ոլորտներն Իրանում: Իրանը հավատարիմ է մնացել պայմանագրին:

ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, իրանագետ, Գոհար Իսկանդարյանը նման կարծիք հայտնեց մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանը:

«Դոնալդ Թրամփը նույնիսկ իր նախընտրական քարոզներում հայտարարում էր, որ այդ ծրագիրն ամենավատ գործարքն է եղել, և եթե ինքը դառնա նախագահ, անպայման պետք է վերանայի դա, քանի որ չի բխում ԱՄՆ-ի շահերից: Երբ բանակցում էին Իրանի հետ, վախենում էին, որ Իրանը գաղտնի ուրան է հարստացնում, որը կարող է վերաճել միջուկային զենքի ստեղծման:

Եվ գերնպատակն էր Իրանին նստեցնել բանակցային սեղանի շուրջ, որպեսզի այդ երկիրն ավելի վերահսկելի լինի: Իրանը, որը գրեթե 5 տոկոս հարստացված ուրանի աստիճան ուներ, խոստացավ, որ պետք է նվազեցնի 3.5 տոկոս: Եվ այս ամենը նա իրականացրել է: Ութ անգամ ստուգումներ են իրականացվել, բոլորի արդյունքներով էլ Իրանը հավատարիմ է մնում պայմանագրին»,- ասաց Իսկանդարյանը:

Արևելագետի համոզմամբ՝ ԱՄՆ-ի դուրս գալն ամենևին էլ պայմանավորված չէր միջուկային ծրագրի ինչ-ինչ հարցերով: Այն, ինչ պահանջել են գերհզոր երկրները, Իրանը կատարել է: Սակայն Թրամփը հայտարարել է, որ իրենք կարող էին Իրանից ավելին ակնկալել և ստանալ: Օրինակ՝ Իրանը չպետք է խառնվի տարածաշրջանի երկրների ներքին գործերին: «Դա ամենևին կապ չունի ծրագրի հետ: Զուտ ազդեցության ոլորտների խնդիրն է: Երկրորդ՝ հայտարարվում է, որ Իրանը չպետք է բալիստիկ հրթիռներ արտադրի: Սակայն սրա հետ կապված ևս որևէ պայմանագիր չկա»,-նշեց նա:

Մինչ այս Իրանը հայտարարել էր, որ եթե ԱՄՆ-ն միակողմանի դուրս գա պայմանագրից, ապա իրենք ևս իրենց ազատ կհամարեն և ուրան կհարստացնեն: Սակայն արևելագետի գնահատմամբ՝ Իրանի իշխանությունները բավականին խոհեմ վարվեցին՝ հայտարարելով, որ իրենք դուրս չեն գա պայմանագրից և կհամագործակցեն անդամ մյուս երկրների հետ:Եվրոպական երկրները քննարկումներ են ունեցել Թրամփի հետ՝ դուրս գալը կանխելու համար: Սակայն ոչ ոքի դա չի հաջողվել: ՌԴ-ն հայտարարել է, որ իրենք ամեն ինչ կանեն, որ Իրանը նվազ վնասներ ունենա այդ պայմանագրից: Եվրոպական երկրները ևս ցավով են ընդունել ԱՄՆ-ի այդ քայլը և ասել են, որ իրենք դուրս չեն գալու, քանի դեռ Իրանը հավատարիմ է պայմանագրի ոգուն:

Իսկանդարյանի գնահատմամբ՝ ԱՄՆ-ն կոշտ քաղաքականություն է վարելու: Եվ դա արդեն նկատվում է այս տարվա սկզբից:

2015-ի հուլիսի 14-ին Վիեննայում կնքվեց Համալիր գործողությունների համատեղ ծրագիրը, որը առավել հայտնի է որպես Իրանի միջուկային ծրագիր անվամբ: ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Չինաստանը, Ռուսաստանը և Գերմանիան կարողացան Իրանի հետ ստորագրել պայմանագիր, որը քննարկվում էր 10 տարի:

Տեսանյութեր

Լրահոս