
Հնդկաստանում մոլեգնած նոր ավազամրրիկը առնվազն 12 մարդու կյանք է խլել

Առնվազն 12 մարդ է զոհվել ավազամրրիկի եւ հորդառատ անձրեւների հետեւանքով, որոնք պատուհասել են Հնդկաստանի հյուսիսի Ութար-Փրադեշի նահանգը:
Այդ մասին, ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, մայիսի 10-ին հայտարարել է տեղի ոստիկանության ներկայացուցիչ Ավանիշ Ավասթհին: «Չորս զոհվածներ գիշերը հայտնաբերվել են Էտավայի շրջանում, երեքը՝ Մաթհուրում, մեկական՝ Ագրայում, Ալիգարխում, Ֆիրոզաբադում եւ Քանպուրում:
Եվս մեկ մարդ մահացել է Խաթրասում»,-ասել է ոստիկանը, որի խոսքը մեջբերել է New Indian Express հրատարակությունը: Սա արդեն երկրորդ ավազամրրիկն է, որը վերջին մեկ շաբաթվա ընթացքում տեղի է ունեցել Հնդկաստան հյուսիսային նահանգում:
Նախորդ ավազամրրիկի ընթացքում, որը մայիսի լույս 3-ի գիշերը մոլեգնել է միանգամից հինգ նահանգներում, զոհվել է առնվազն 134 մարդ, եւս 400 բնակիչներ վերքեր են ստացել: Ինչպես եւ այս անգամ, այն ժամանակ անբարենպաստ եղանակից առավել շատ տուժել էր Ութար-փրադեշի նահանգը. այնտեղ գրանցվել էր 80 զոհված: