ՇՊՀ ռեկտորը հորդորել է ուսանողներին վերադառնալ ուսումնական բնականոն գործընթացին

Շիրակի պետական համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով ուսանողներին վերադառնալ ուսումնական բնականոն գործընթացին:

«Սիրելի՛ ուսանողներ,

Դուք եղել եք մասնակիցը մերօրյա թավշե հեղափոխության և ձեր քաղաքացիական անհնազանդությունը պսակվել է հաջողությամբ:

Այս օրերի լոկալ, իրենց ախորժակը բավարարելուն միտված կոչերը, որոնք արվում են նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանի, նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի, նախկին դասախոսներ Գագիկ Համբարյանի և Հովհաննես Խորիկյանի կողմից, ոչ այլ ինչ են, քան ձեր՝ ազատ քաղաքացու իրավունքի ոտնձգություն:

Ընդամենը այս չորսը, ովքեր իբր թե խոսում են օրենքի հայրենիքից, իրավունքի Հայաստանից:Իրենց իրավունքները իրավական դաշտում հաստատելու փոխարեն լծվել են ձեզ թիրախ դարձնելու անբարո գործին՝ հուսալով, որ իրենց կհաջողվի սողոսկել բուհի պատերից ներս՝ վերականգնելու իրենց բաց թողած գումարահավաքը:

Համոզված եմ, որ դուք տիրապետում եք ստեղծված իրավիճակին և ձեզ հնարավոր չէ շփոթեցնել՝ պաշտոնամոլությունը արդարության տեղ հրամցնելով:

Համոզված եմ նաև, որ Անահիտ Ֆարմանյանի դասադուլի մասին սին հայտարարությունները վատ կրկնօրինակումն են իրական, հեղափոխական մեծ դասադուլի, որը դուք արդեն արել եք:

Առավել քան համոզված եմ, որ վաղը և ընդհանրապես համալսարանում տիրելու է ուսումնական բնականոն տրամադրություն»:

Տեսանյութեր

Լրահոս