ՀԱԿ-ը կմասնակցի՞ ԱԺ արտահերթ ընտրություններին

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գտնում է՝ դեռ վաղ է խոսել ԱԺ արտահերթ ընտրություններին իրենց մասնակցել-չմասնակցելու մասին, որովհետև, ըստ նրա, դեռ որոշակիություն չկա:

Այսօր «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում Լ. Զուրաբյանն ասաց, որ այս պահին պետք է կենտրոնանալ այն խնդրի վրա, որ Հայաստանում վերջապես կայանան ազատ և արդար ընտրություններ.

«Դա ասելով՝ մենք հասկանում ենք, որ ընտրությունները կայանան համամասնական համակարգով՝ բացառելով այդ կոռումպացված ռեյտինգային համակարգը, որ բացառվի ընտրակաշառքի բաժանումը որևէ քաղաքական ուժի կողմից: Քայլեր արվեն, որ գործարարները չմտնեն ո՛չ խորհրդարան, ո՛չ գործադիր իշխանություն»:

Լ. Զուրաբյանը չի համարում, որ քաղաքական ճգնաժամը լուծված է. «Մենք չենք կարող այն լուծված համարել, քանի չունենք ժողովրդի կողմից ընտրված խորհրդարան»:

Հարցին՝ ո՞ր դեպքում ՀԱԿ-ը կմասնակցի արտահերթ ընտրություններին՝ Լ. Զուրաբյանն այսպես արձագանքեց. «Բայց ինչո՞ւ է ձեզ մոտ կասկած առաջացել, որ մենք ինչ-որ դեպքերում կմասնակցենք, ինչ-որ դեպքերում չենք մասնակցի: Ինչո՞ւ եք մտածում, որ կարող է՝ ինչ-որ դեպք լինել, որ չմասնակցենք»:

Լրագրողի ճշտող հարցին՝ այսինքն՝ եթե արտահերթ ընտրություն լինի, կմասնակցե՞ք, Լ. Զուրաբյանն այսպես պատասխանեց. «Այո: Ես ընդամենն ասում եմ, որ այդ հարցի շոշափումն այս պահին անիմաստ եմ համարում: Հիմա պետք է կենտրոնանանք  արտահերթ ընտրությունների համար լրջագույն երաշխիքներ ստեղծելու վրա»:

Տեսանյութեր

Լրահոս