Լևոն Զուրաբյանը գտնում է՝ այժմ լուրջ հնարավորություն կա բացահայտելու և՛ Հոկտեմբերի 27-ը, և՛ Մարտի 1-ը
«Հեղափոխության գլխավոր արդյունքը ժողովրդի զարթոնքն է, ինչը պետք է պահպանել»,- այսօր «Հաղթանակ» զբոսայգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
Խոսելով այն մասին, թե ինչո՞ւ իրենց չհաջողվեց 2008-ին անել հեղափոխություն, իսկ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց՝ Լ. Զուրաբյանը նկատեց, որ բացի նրանից, որ պետք էր որոշակի փուլեր անցնել, նաև օգտագործվեցին տեխնոլոգիաներ, որոնք այն ժամանակ չկային: Լ. Զուրաբյանի խոսքով՝ եթե հիմա կա հնարավորություն ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ քո խոսքը հասանելի դարձնել հազարավոր մարդկանց համար, 2008-ին նրանք միայն կարող էին DVD-ների վրա ձայնագրել իրենց ելույթները և տարածել:
«Ես կարծում եմ՝ և՛ Հոկտեմբերի 27-ի, և՛ Մարտի 1-ի գործերով հիմա բացվել են լուրջ հնարավորություններ՝ բացահայտելու և պատասխանատվության կանչելու մեղավորներին: Ե՛վ մենք, և՛ Նիկոլ Փաշինյանը, միշտ ասել ենք, որ հենց այս իշխանությունները կփոխվեն, այդ գործերը կբացահայտվեն: Իհարկե, պետք է բացահայտվեն այդ գործերը, մենք խոստացել են ժողովրդին»,- նշեց Լ. Զուրաբյանը:
Լ. Զուրաբյանը գտնում է՝ տարբեր ճանապարհներ կան այդ գործերը բացահայտելու համար. «Օրինակ, Նիկոլ Փաշինյանը կարող է ասել՝ քանի որ ես անմիջական մասնակից եմ եղել Մարտի 1-ի իրադարձությունների, այդ հարցը թող հետաքննի Հաագայի դատարանը: Հայաստանի իշխանությունն այսօր իրավունք ունի դիմելու միջազգային քրեական դատարանին ու այդ հարցն այնտեղ բարձրացնի: Թող այդ հարցի օբյեկտիվ հետաքննությունը գնա: Դա նաև ձև է ՀՀ իշխանությունների համար նեյտրալ մնալու այդ հարցում»: