«Ամեն ինչ անելու եմ, որ ով էլ լինի պաշտպանության նախարար, անպայման հաջողի». Վիգեն Սարգսյան

«Մենք պատրաստում ենք 10 ժամանոց բրիֆինգ նոր նախարարի և իր թիմի համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը։

«Մենք մանրակրկիտ ձևով փոխանցելու ենք տեղեկատվությունը, յուրաքանչյուր ծրագրի տակ գիտենք իրավական դաշտի կարգավորումները, ֆինանսական աղբյուրները, դրանց հետագա ճիշտ գործադրման ուղղությունները։ Ամեն ինչ անելու ենք, որ նոր թիմն ու նոր նախարարը հաջողեն, դա կլինի մեր ընդհանուր հաղթանակը»,- ասաց նա։

Վիգեն Սարգսյանի խոսքով՝ ոչ ադեկվատ պետք է լինի պաշտպանական ոլորտում աշխատանք կատարած այն մարդը, որը չերազի, որ իր հաջորդն իրենից ավելի արդյունավետ լինի.

«Դա բացարձակ ամբիցիայի խնդիր չէ, դա մեր երկրի անվտանգության խնդիրն է։ Ես ամեն ինչ անելու եմ, որ ով էլ լինի պաշտպանության նախարար, անպայման հաջողի։ Չգիտեմ՝ ինչքանով իմ խորհրդի կարիքը կլինի, բայց միշտ պատրաստ եմ այդ խորհուրդը տալ՝ բոլոր ապագա նախարարներին, ոչ թե որ ես բանակն ավելի լավ գիտեմ, այլ ընդամենը դա կուտակային տեղեկատվություն է և դրանով պետք է կիսվել»։

Սարգսյանը չի համարում, որ երկրի պաշտպանությունը պետք է լինի մեկ կուսակցության կամ միայն խորհրդարանական մեծամասնության գործառույթը. «Ես պաշտպանական ծրագրերը քննարկել եմ խորհրդարանական բոլոր խմբակցությունների հետ։ Այդ հարցում ակնկալում էի վերկուսակցական մոտեցում, բայց միշտ չէ, որ խորհրդարանում աջակցություն էի ստանում, որի համար իմ ցավը արտահայտել եմ հանրայնորեն։ Պատերազմող երկրում պետք է լինեն հարցեր, որտեղ հասարակությունն ունի կոնսենսուս, և այդ կոնսենսուսը միտված դրական արդյունք գրանցելուն, ոչ թե չեղած տեղը խնդիր որոնելուն»։

Նա խոստացավ, որ իր ծառայությունը լինելու է բազմազան և բազմատեսակ.

«Կշարունակեմ մնալ քաղաքական դաշտում, ժամանակ կհատկացնեմ մանկավարժական գործունեություն իրականացնելուն, մի փոքր ավել ժամանակ կհատկացնեմ ընտանիքիս, որը դրա կարիքն ունի։ Առաջին անգամ կպլանավորեմ լիարժեք արձակուրդ, որովհետև վերջին 23 տարում լիարժեք արձակուրդ չեմ ունեցել։ Եվ մի փոքր ավելի շատ ժամանակ կհատկացնեմ սիրելի զբաղմունքներիս՝ ընթերցանությանը, ընկերներիս հետ շփմանը։ Հայրենիքին ծառայել՝ նշանակում է զբաղվել մասնագիտական գործունեությամբ։ Ինձ համար կառավարումը մասնագիտություն է, հոբբի չէ, ես այլ մասնագիտությունից չեմ եկել այս դաշտ»։

Տեսանյութեր

Լրահոս