Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Ուղերձում նշվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հաղթանակի եւ խաղաղության տոնի ու Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ:

Այս պահին ես հատկապես մտածում եմ Երկրորդ աշխարհամարտի փառապանծ վետերանների մասին, նրանց՝ որոնք, ի ուրախություն բոլորիս, այսօր մեր շարքերում են, եւ որոնց ես մաղթում եմ քաջառողջություն եւ երկար տարիների կյանք:

Նրանք մեզ են փոխանցում պայքարի ոգին եւ հաղթանակի բերկրանքը:

Մտածում են նաեւ բոլոր նրանց մասին՝ մեր ծնողների եւ պապերի, որոնք իրենց ուսերի վրա կրեցին պատերազմի դաժանություններն ու ծանրությունները. բլոկադա, սով, գերություն, համակենտրոնացման ճամբարներ ու գուլագ, որբություն ու անապաստանություն: Նրանք մեզ սովորեցրին տոկալ, հուսալ եւ վերապրել:

Գլուխ եմ խոնարհում այն հազարավոր հերոսների հիշատակի առջեւ, որոնք իրենց կյանքը նվիրեցին ազատությանը: Ցեղասպանությունից դեռեւս արնածոր հայ ժողովուրդը մեծ գին վճարեց ֆաշիզմի դեմ պայքարում, որի զավակներն իրենց փառքով պսակեցին բոլոր ճակատներում:

Այդ հերոսների օրինակով դաստիարակվել են բազմաթիվ սերունդներ: Հենց այդ հերոսների ժառանգներն էին, որոնք տասնամյակներ անց հանուն ազատության մարտի ելան եւ ազատագրեցին Շուշին՝ կերտելով մեր նորօրյա հաղթանակները:

Քաջության, հերոսության եւ հանուն Հայրենիքի ինքնազոհության այդ ոգին այսօր ամուր նստած է Հայրենիքի պաշտպանի՝ հայ զինվորի մեջ: Այդ նա էր՝ հաղթական զինվորը, որ 2016-ի ապրիլին անօրինակ սխրանքով պաշտպանեց հող հայրենին:

Եվ այսօր մեր պայծառ պատանիներն ու երիտասարդներն են կանգնել հերթափոխի, ստեղծարար եռանդով, նպատակասլացությամբ եւ հայրենասիրությամբ լծվել Հայրենիքի վերաշինման գործին:

Փառք ու պատիվ բոլոր քաջերին եւ հավերժ հիշատակ հանուն Հայրենիքի ընկածներին»:

Տեսանյութեր

Լրահոս