Արժեհամակարգի և մտածողության հեղափոխության ժամանակը
Վերջին մեկ ամսվա ընթացքում հայաստանյան իրադարձություններն իրենց հագեցածությամբ տպավորություն են թողնում՝ կարծես թե ամիսներ, տարիներ են անցել: Տարիների լճացումը, անտարբերությունը, դատարկությունը մի քանի օրում պայթեց իշխանությունների կողմից անընդհատ սեղմված զսպանակի պես: Եվ հօդս ցնդեց տարիների այն գաղափարը, որ ոչինչ չի փոխվելու, որ բոլորը նույնն են: Տարիներով կուտակված երազանքները հեղափոխությունը դարձնում է նպատակներ, որոնք պետք է դառնան իրականություն:
Մենք այլևս իրավունք չունենք խաղալ մարդկային երազանքների ու նպատակների հետ: Հեղափոխությունը նոր է սկսվում, որը երկար ճանապարհ ունի անցնելու՝ մինչև մեր երազած հայրենիքի կերտումը: Տեղի ունեցած իշխանափոխությունն այս հեղափոխության ճանապարհի առաջին քայլն է, որը պետք է շարունակվի, շարունակվի հենց վաղը, մյուս օրը, ամեն օր: Իսկ ի՞նչ պետք է արվի իշխանափոխությունից հետո, ինչպիսի՞ պետություն, ինչպիսի՞ հայրենիք ենք ունենալու հեղափոխությունից հետո:
Հայրենիքը ոչ թե այն տարածքն է, որտեղ ապրում ենք կամ երազում ենք ապրել, այլ մեր երազած այն հասարակարգը և արժեհամակարգը, ինչը բոլորս համարում ենք եզակի ու թանկ: Հետևաբար, մենք պետք է կառուցենք այնպիսի հասարակարգ ու արժեհամակարգ, որով ապրող ժողովուրդը կզարգացնի մեր հայրենիքը:
Տասնամյակներ շարունակ մեր արժեհամակարգում իշխել է թալանը, կեղծիքը, մարտնչող տգիտությունը, հաճախ՝ սուտը, և այդ ամենը դարձել է նորմալ բոլորիս համար. երբ չսովորող ուսանողը ծաղրել է սովորողին, երբ թալանչի պաշտոնյան եղել է ուղղակի փող աշխատող «տուն պահող» լավ տղա, երբ սերիալի հանցագործն ու հարուստը դարձել են երիտասարդների հերոսները:
Առաջիկայում սպասվում են նոր արտահերթ ընտրությունները, որը, համոզված եմ, ժամանակավոր կառավարությունը կանցկացնի բարձր մակարդակով՝ արդար և օրենքի գերակայությամբ, և որի արդյունքում կունենանք ժողովրդի կողմից ընտրված իշխանություն: Սակայն արդար ընտրությունները միայն սկիզբն են: Անհրաժեշտ է նոր արդար արժեհամակարգ: Միայն ընտրություններն այդ արժեհամակարգը չեն ստեղծելու, որովհետև արդար ընտրված իշխանությունը պետք է իմանա, թե ինչպես են արժեհամակարգ ստեղծում, ինչպես են նորմալ հասարակություն կառուցում, իսկ ամենակարևորը՝ պետք է ցանկանա, որ նման կարգ հաստատվի:
Բարոյապես ուժեղ և զարգացող հասարակարգ ու նոր համակարգ կառուցելու համար պետք է հիմնվենք երեք սկզբունքների վրա՝
1. Մասնավոր սեփականության և դրա անձեռնմխելիության սկզբունք: Ցանկացած ոք պետք է վստահ լինի իր սեփականության տնօրինմանը և, օրենքի շրջանակներում, իր ուզած ձևով օգտագործմանը: Սեփականություն ասելով՝ նկատի չունեմ միայն նյութական արժեքները: Մարդու սեփականությունն է իր կյանքը, առողջությունը, միտքը, արժանապատվությունը, խիղճը, ազատությունը, սովորելու և աշխատելու իրավունքը, տեղեկություն ստանալու ազատությունը, իր կենցաղն ու առօրյան կազմակերպելը: Մարդը և իր իրավունքները պետք է դառնան գերակա նոր իշխանության համար, բոլորը պետք է վստահ լինեն իրենց սեփականության անձեռնմխելիությանը:
2. Օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքը: Բոլորը պետք է օրենքի առաջ հավասար լինեն, և նույն հավասար խստությամբ էլ պետք է պատժվեն նույն հանցանքի համար՝ անկախ իրենց դիրքից և պաշտոնից: Ընդ որում, մեզ պետք է ոչ թե օրենքի խստություն, այլ օրենքի անխափան կիրառություն: Մենք պետք է կառուցենք մի երկիր, որտեղ օրենքի կիրարկումը դառնա անբեկանելի, որտեղ յուրաքանչյուր ոք հստակ պաշտպանված լինի օրենքով՝ վստահ լինելով, որ նույն պաշտպանությունն ունեն բոլորը, և որևէ մեկը չի կարող ունենալ առավելություն օրենքի առաջ:
3. Պաշտպանված ազատ մրցակցություն սկզբունքը: Սա սոցիալական արդարության հաստատման և նյութական ու հոգևոր բարիքների արդար բաշխման միջոց է, որը նաև նոր բան հայտնագործելու, նորը ստեղծելու ամենաարդյունավետ միջոցն է: Ազատ մրցակցությունը նորի հայտնագործման, կենսամակարդակի աճի հիմնական ձևն է և պայմանը:
Մենք պետք է ստեղծենք այնպիսի համակարգ, որտեղ ուսանողի համար գիտելիք ստանալը դառնա նոր արժեք ստեղծելու նախապայման, և նա վստահ լինի, որ գիտելիքը ուժ է, և այդ ուժը ստեղծելու է բարիք իր, իր ընտանիքի, իր հայրենիքի համար: Մենք պետք է ունենանք մի համակարգ, որտեղ ներդրողը կկատարի ներդրումներ՝ վստահ լինելով սեփականության անձեռնմխելիությանը և օրենքի գերակայությանը, դրանով ներդնելով իր բոլոր ջանքերը տնտեսության զարգացման համար:
Այս ամենը պետք է ստեղծենք բոլորս, հենց վաղվանից՝ չսպասելով, որ որևէ մեկը մեզ համար լավ երկիր է կառուցելու: Փրկիչներ չկան: Ինչպես յուրաքանչյուրն իր փոքր մասնակցությունն է ունեցել այս հեղափոխությանը, այդ նույն հավատով ու վստահությամբ պետք է լծվի նոր արժեհամակարգի ստեղծմանը՝ սկսելով իրենից: Յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ իր հայրենիքը, իր պատասխանատվությունը չի ավարտվում իր տան նախամուտքով, և որ իր բակը, իր փողոցը, իր քաղաքը, իր հայրենիքն ունի հենց իր խնամքի և հոգածության կարիքը:
Մեզանից յուրաքանչյուրը պետք է կատարի հեղափոխություն իր արժեհամակարգում, որտեղ գերիշխողը պետք է լինի ազնվությունը, առաքինությունը, ճշմարտությունը, արդարությունը: Եվ հենց այսօր պետք է սկսել այդ հեղափոխությունը, հենց այսօր պետք է ստանձնել անհատական այն պատասխանատվությունը, որն ամեն օր կստեղծի մեր երազած հայրենիքը:
Այլ ճանապարհ չկա, որևէ իշխանություն երջանկություն ու բարեկեցություն չի բաժանելու ժողովրդին: Իշխանությունը վերը նշված սկզբունքների վրա միայն պետք է ստեղծի հնարավորություն մարդու համար՝ սովորելու, աշխատելու, ստեղծելու, արարելու իր և իր հայրենիքի համար:
Համաժողովրդական շարժման արդյունքում ձևավորված իշխանությունը, համոզված եմ, ունի լիարժեք քաղաքական կամք, գիտելիք և ուժ՝ ստեղծելու հենց այն պայմանները, ինչը հնարավորություն կտա յուրաքանչյուր քաղաքացու և յուրաքանչյուր հայի ունենալ կյանքի ու առողջության անքակտելի իրավունք, ստանալ լիարժեք ու որակյալ կրթություն և ունենալ արժանապատիվ աշխատանք՝ ստեղծելու և արարելու հանուն իր և իր հայրենիքի բարօրության:
Մենք ունենք բացառիկ առաքելություն՝ սերունդներին թողնել մեր նախորդ սերունդների և մեր երազած հայրենիքը, որի ամրությունն ու ուժը պետք է լինի մեր ամենօրյա աշխատանքն ու նվիրումը:
Մենք այլևս սխալվելու և հապաղելու իրավունք և ժամանակ չունենք՝ հանուն Հայաստանի Հանրապետության…
Մանե Թանդիլյան
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր