«Ակնկալիք կա, որ ՀՀ նորընտիր վարչապետն անուշադրության չի մատնի ԵՄ-ի հետ հարաբերություններն այս կարևոր փուլում». եվրոպացի քաղաքագետ

«ԵՄ ղեկավարների շնորհավորանքը չուշացավ, ինչը Փաշինյանի կառավարությունից դրական ակնկալիքի նշան է»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց եվրոպացի վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ընտրությանը ՀՀ վարչապետի պաշտոնում:

Հիշեցնենք, որ Փաշինյանն ԱԺ-ի կողմից ընտրվեց կողմ՝ 59, դեմ՝ 42՝ ձայների հարաբերակցությամբ:

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Յոհաննես Հահնը համատեղ հայտարարություն են տարածել Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրության առնչությամբ:

ԵՄ պաշտոնական կայքը հաղորդում է, որ Եվրամիությունն ակնկալում է աշխատել նրա և նրա կառավարության հետ նախորդ տարվա նոյեմբերին ստորագրված Եվրամիություն-Հայաստան համապարփակ և ընդլայնված համագործակցության համաձայնագրի կյանքի կոչման շուրջ՝ հանուն ժողովրդավարության հետագա ամրապնդման, օրենքի գերակայության և մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի՝ ի շահ Հայաստանի բոլոր քաղաքացիների ստեղծելու բարգավաճ և ճկուն երկիր:

Կոնրադ Զաշտովտն ասաց, որ ԵՄ ղեկավարների շնորհավորանքը չուշացավ, ինչը Փաշինյանի կառավարությունից դրական ակնկալիքի նշան է: Նրա գնահատմամբ՝ հայտարարությունն արտացոլում է ԵՄ-ի ակնկալիքների ոլորտները:

Զաշտովտի խոսքով, ողջ արևմտյան համայնքը սպասում էր վերջին շաբաթների ընթացքում, որ ներքաղաքական կոնֆլիկտը լուծում կստանա:

Հարցին, թե որն է Եվրոպական միության ակնկալիքը ՀՀ նորընտիր վարչապետից ՀՀ-ԵՄ հարաբերությունների առնչությամբ, Կոնրադ Զաշտովտը պատասխանեց, որ ակնկալիքը Հայաստանից և Հայաստանի բոլոր իշխանություններից նույնն է` վարել քաղաքականություն, որը հասարակության համար է և լուծում է այդ խնդիրները:

«Ակնկալիք կա նաև, որ ՀՀ նորընտիր վարչապետն անուշադրության չի մատնի ԵՄ-ի հետ հարաբերությունների հարցը, քանի որ սա կարևոր փուլ է ՀՀ-ԵՄ հարաբերությունների համար` շուտով սկսելու է մասամբ իրականացվել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը հեշտ ձեռքբերում չէր Հայաստանի և Եվրամիության համար, ուստի սա պետք է լինի ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում:

Հուսով ենք, որ այդպես էլ կլինի, քանի որ Փաշինյանն ասել է, որ ՀՀ միջազգային հանձնառություններն իր վարչապետ դառնալուց հետո չեն խախտվելու: Մնում է սպասել հունիսի 1-ին, երբ նախատեսվում է համաձայնագրի վավերացման գործընթացի մեկնարկը: Դա կարևոր է նաև, քանի որ սա այն փուլն է, երբ համաձայնագիրը վավերացնում են ԵՄ անդամ երկրները, ուստի հայկական կողմի դրական մեկնարկն ուղերձ կլինի ԵՄ անդամ երկրների համար»,- ասաց Զաշտովտը:

Տեսանյութեր

Լրահոս