
«Շարժումը թաղել է Արցախի հարցում զիջումների վերաբերյալ բոլոր խոսակցությունները». Լևոն Շիրինյան

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանից ակնկալում է Հայաստանի վերածնունդ։ 168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ, եթե ՀՀԿ-ն դիմադրի կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, ապա պետք է սահմանադրական նորմերից օգտվել և արգելել ՀՀԿ-ի գործունեությունը. «Դա պետք է անել Սահմանադրության 2-րդ հոդվածի համաձայն՝ ժողովրդի սուվերեն կամքը խեղաթյուրելու համար։ Ինքնիշխանը, սուվերենը ժողովուրդն է, և չեն կարող չքվեարկել»։
Լևոն Շիրինյանի խոսքով՝ Արցախի հարցում պետք է եղած իրավիճակն ամրագրել և առաջ շարժվել՝ Քուռ-Արաքսյան հանրապետություն. «Լևոնյան պարտվողականությունը, որ ժողովրդի մեջ ոչնչացվել է, պետք է վերածել էներգիայի և վերագտնել մեր պատմական տարածքները։ Պետք է թաղել երեք նախագահների պարտվողականությունը, և ես հավատացած եմ, որ ժողովրդի էներգիայի կիրառման դեպքում դա ստացվելու է։ Շարժումը թաղել է զիջումների վերաբերյալ բոլոր խոսակցությունները․ մայիսի 2-ի համազգային գործադուլն աշխարհում նախադեպը չունի»։
Քաղաքագետն ընդգծեց՝ Նիկոլ Փաշինյանը՝ որպես թավշյա հեղափոխության առաջնորդ, իր լեգիտիմությամբ միակն է աշխարհում. «Աշխարհի ոչ մի առաջնորդ նման լեգիտիմության չափ չունի, իրենը գրեթե 100 տոկոսանոց է։ Ժողովուրդը կանգնել է. ամբողջ Հայաստանում, Ջավախքում, Արցախում և Սփյուռքում բոլորը համակարծիք են»։