
Պուտինը նախկին ԽՍՀՄ-ի երկրների բնակիչներին շնորհավորել Է Հաղթանակի օրվա առթիվ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախկին ԽՍՀՄ-ի երկրների ղեկավարներին եւ Վրաստանի եւ Ուկրաինայի քաղաքացիներին շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 73-րդ տարեդարձի կապակցությամբ:
Այդ մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը: Նշվում է, որ պետության ղեկավարը շնորհավորել է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Աբխազիայի, Հարավային Օսիայի ղեկավարներին, ինչպես նաեւ Վրաստանի ու Ուկրաինայի քաղաքացիներին:
«Շնորհավորական ուղերձներում Ռուսաստանի նախագահն ընդգծում է, որ Հաղթանակի օրը սրբազան օր է եւ մեր ժողովուրդների միասնության ու անօրինակ հերոսության խորհրդանիշը, որոնք ուս-ուսի տված մարտնչել են ռազմաճակատներում եւ թիկունքում անձնուրացաբար աշխատել հանուն ֆաշիզմից Հայրենիքի եւ ողջ մարդկության փրկության»,-ասված է հաղորդագրության մեջ: