
Բրյուսելում մահացել է բելգիացի հայտնի երգչուհի Մորանը

Բրյուսելում 57 տարեկան հասակում վախճանվել է բելգիացի հայտնի երգչուհի Մորանը (Կլոդին Լյույպերտս): Այդ մասին սոցցանցերում հայտնել են նրա մերձավորները:
Իր անզուգական թավշյա ձայնով հայտնի երգչուհու մարմինը մայիսի 7-ի երեկոյան հայտնաբերվել է Բելգիայի մայրաքաղաքի Սկարբեեկ կոմունայում գտնվող նրա բնակարանում: Ոստիկանությունը հետաքննում է երգչուհու մահվան հանգամանքները: Հնարավոր պատճառների մասին առայժմ չի հաղորդվում: Երգչուհու մահվան կապակցությամբ հարազատներին ցավակցություն է հայտնել Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը:
Ինչպես գրում են ԶԼՄ-ները, անցած հանգստյան օրերին Մորանը, բեմի վրա երկու տարվա բացակայությունից հետո առաջին անգամ, հանդիսատեսների առջեւ դուրս է եկել Բրյուսելի մայրաքաղաքային տարածաշրջանի կազմավորման 29-րդ տարեդարձի առթիվ տոնին:
Կլոդին Լյույպերտսը ծնվել է երաժիշտների ընտանիքում. հայրը կոմպոզիտոր էր եւ կոնսերվատորիայի տնօրեն, մայրը՝ դաշնակահարուհի: Տակավին դեռահաս տարիքում Կլոդինը մասնակցել է մի քանի երաժշտական մրցույթների:
Երգչուհու կարիերան՝ Կլոդ Մորան կեղծանունով, նա սկսել է 1979 թվականին: 1986 թվականին թողարկվել է նրա առաջին ալբոմը՝ «Danser»-ը: Իր կարիերայի սկզբում Կլոդին Լյույպերտսը ելույթ էր ունենում սրճարաններում ու ռեստորաններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: