Նիկոլ Փաշինյանը՝ արտաքին քաղաքականության մասին
Ազգային ժողովում մեկնարկած հատուկ նիստի ժամանակ, ՀՀ վարչապետի միակ թեկնածու, ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց, որ իր վարչապետ ընտրվելուց հետո Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքը լինելու է Հայաստանի և հայ ժողովրդի հավաքական շահը:
Ն. Փաշինյանը նշեց, որ Հայաստանը կշարունակի մնալ Եվրասիական տնտեսական միության անդամ՝ գործարկելով բոլոր հնարավոր ջանքերն այս կազմակերպությանը Հայաստանի անդամակցությունն առավել արդյունավետ դարձնելու համար:
«Հայաստանը կշարունակի մնալ նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ՝ անդամությունը առավել արդյունավետ դարձնելու խնդիրը հետապնդելով նաև այս կազմակերպությունում»,-ասաց նա:
Անդրադառնալով Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ հարաբերություններին, ՀՀ վարչապետի թեկնածուն նշեց, որ այդ երկրի հետ հարաբերությունների զարգացումը գլխավոր առաջնահերթությունների թվում է:
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները պետք է հիմնված լինեն բարեկամության, իրավահավասարության, առկա հարցերը համատեղ ջանքերով լուծելու պատրաստակամության վրա: Մենք Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը դիտարկում ենք որպես Հայաստանի անվտանգության ապահովման համակարգի կարևոր գործոն»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Նա առաջնահերթ համարեց նաև եվրոպական երկրների և եվրամիության երկրների հետ հարաբերությունների խորացումը: «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուտափույթ վավերացումը և ամբողջական կիրարկումը բխում է մեր շահերից: Մենք ամեն ինչ անելու ենք ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրի պահանջի վերացման ուղղությամբ: Ակնկալում ենք դրա շուրջ բանակցությունները սկսել ամենամոտ ապագայում»,-ասաց Փաշինյանը:
ԱՄՆ-ի հետ բարեկամական գործունեությունն անդրադառնալով, վարչապետի թեկնածուն ասաց, որ հստակ գործնական քայլեր կձեռնարկվեն ԱՄՆ-ի հետ տարբեր ոլորտներում փոխգործակցությանը զարկ տալու համար:
«Մենք առանձնահատուկ կարևորություն ենք տալիս Հայաստան- Իրան և Հայաստան-Վրաստան հարաբերություններին»,-ելույթում նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ քաղաքական այս գործընթացը նոր շունչ և էներգիա է տալու մեր անմիջական հարևանների հետ հարաբերություններին:
Նա կարևորեց նաև հարաբերությունների զարգացումը Չինաստանի և Հնդկաստանի հետ: