«Որևէ վիճաբանության ո՛չ ներկա եմ եղել, ո՛չ էլ լսել եմ». Էդուարդ Շարմազանովը հերքում է

ՀՀԿ խոսնակ, Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հերքում է՝ ԳՄ նիստի ընթացքում որևէ վիճաբանություն չի եղել։

«Ես armtimes.com-ից եմ իմացել և որևէ վիճաբանության ո՛չ ներկա եմ եղել, ո՛չ էլ լսել եմ։ Նման բան չկա»,- նիստից հետո լրագրողների հետ զրույցում հակիրճ ասաց Է.Շարմազանովը։

Հիշեցնենք, որ ըստ armtimes.com-ի, ՀՀԿ կենտրոնական գրասենյակում ԳՄ նիստի ընթացքում աղմուկ է լսվել, 2 ՀՀԿ-ական միմյանց քաշքելով՝ դուրս են եկել պատշգամբ, սակայն նրանց անմիջապես գործընկերները ներս են տարել: Այդ ընթացքում կայքի լրագրողին հաջողվել է տեսնել միայն, որ նրանցից մեկը Գագիկ Բեգլարյանն է՝ Չոռնի Գագոն: Վահրամ Բաղդասարյանը կարճ ժամանակ անց նրանց պատշգամբից ներս է հրավիրել:

Պատշգամբում նկատվել է նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, սակայն պարզ չէ՝ նա վիճաբանողների թվո՞ւմ էր, թե՞ ոչ:

Այնուհետև, ըստ կայքի՝ գրասենյակից տևական ժամանակ բարձր ձայներ են լսվել: Իսկ հետո Տարոն Մարգարյանն ու Էդուարդ Շարմազանովը զրուցել են նույն պատշգամբում:

Տեսանյութեր

Լրահոս