
Եգիպտոսի իշխանությունները դադարեցրել են գաղտնի սենյակի որոնումները Թութանհամոնի դամբարանում

Եգիպտոսի իշխանությունները դադարեցրել են գաղտնի սենյակի որոնումները Թութանհամոն թագավորի դամբարանում եւ հրաժարվել են ընդունել դրա գոյությունը: Այդ մասին մայիսի 7-ին հայտնել է BBC News-ը:
Ավելի վաղ պաշտոնյաները 90 տոկոս համոզվածությամբ հայտարարում էին գաղտնի սենյակի գոյության մասին: Վարկածներից մեկի համաձայն՝ դա կարող էր լինել Նեֆերտիտի թագուհու՝ ենթադրաբար, Թութանհամոնի մոր դամբարանը: Նեֆերտիտի թագուհու աճյունը մինչ օրս չի հայտնաբերվել:
Նա եղել է Էխնաթոն փարավոնի կինը եւ, իր դիմաքանդակի շնորհիվ, մնում է Հին Եգիպտոսի ամենաճանաչված կինը: Նեֆերտիտին, ենթադրաբար, երկիրը կառավարել է իր ամուսնու մահվան եւ որդու չափահասության միջեւ ընկած ժամանակահատվածում:
Թուրինի համալսարանի մասնագետները կատարել են Թութանհամոնի դամբարանի կրկնական սքանավորում եւ չեն հայտնաբերել հետքեր, որոնք մատնանշեին գաղտնի սենյակների գոյությունը: Եգիպտոսի իշխանությունները ճանաչել են նրանց աշխատանքի արդյունքը եւ հրաժարվել են հետագա որոնումներից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: