Բաժիններ՝

Թուրքիայում «Լավ» կուսակցության անդամները հարձակման են ենթարկվել

Անհայտ անձինք Ստամբուլում դանակով և ատրճանակով հարձակվել են «Լավ» կուսակցության անդամների վրա: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Հարձակման հետևանքով մեկ մարդ ստացել է հրազենային, ևս 4-ը՝ դանակից ստացված վնասվածքներ: Նրանցից մեկի վիճակը ծանր է:

Իրավապահ մարմինները որոնում են հարձակումն իրականացրածներին: Կան տեղեկություններ այն մասին, որ հարձակումն արվել է «Ազգայնական շարժում» կուսակցության կողմնակիցների կողմից:

«Լավ» կուսակցությունը դատապարտել է կատարվածը՝ հույս հայտնելով, որ մեղավորները շուտափույթ պատժի կարժանանան:

Կուսակցության փոխնախագահ Մյուսավաթ Դերվիշօղլուն հարձակման վերաբերյալ գրառում է կատարել թվիթերյան միկրոբլոգում՝ թափվող ամեն կաթիլ արյան համար պատասխանատու անվանելով ազգայնական կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելիին:

Թուրքիայում հունիսի 24-ին տեղի կունենան արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ: Ընտրություններից հետո երկրում կառավարման խորհրդարանական համակարգից անցում կկատարվի նախագահական համակարգի:

Թուրքիայի քաղաքական ասպարեզում միայն վերջերս՝ 2017 թվականի հոկտեմբերին հայտնված «Լավ» կուսակցությունը խոստանում է անակնկալներ մատուցել առաջիկա ընտրություններում: Ներկայում Էրդողանի ղեկավարած քաղաքական ուժի հետ համագործակցող «Ազգայնական շարժում» կուսակցության նախկին անդամ, նախկինում երկրի ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Մերալ Աքշեներն ակնկալվում է, որ նախագահական ընտրություններում կլինի Էրդողանի հիմնական մրցակիցը: Ընդ որում, նա կլինի առաջին կին թեկնածուն, ով կմրցի նրա դեմ: Էրդողանին լուրջ մրցակցություն ցույց տալու հնարավորության մասին են խոսում մինչ այժմ արված սոցհարցումների արդյունքները:

Բացի այդ, խորհրդարանական ընտրություններում կուսակցությունը կարող է ձայներ խլել «Ազգայնական շարժում» կուսակցությունից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս