Վահրամ Բաղդասարյանը հերքում է ճնշումները Ռոբերտ Քոչարյանի կողմից. «Ես 5 տարի չեմ տեսել դեմքով, ոչ էլ հեռախոսով շփվել եմ այդ մարդու հետ».

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը որևէ ճնշում չի գործադրել ՀՀԿ խմբակցության վրա մայիսի 1-ի քվեարկության ժամանակ: Նման պնդում այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ արեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ հերքելով շրջանառվող լուրերը, որ Քոչարյանի միջամտության պատճառով ՀՀԿ-ականները Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ չեն քվեարկել։

«Ես ձեր դեմը նստած եմ, ինչ-որ ճնշվողի տպավորություն թողնո՞ւմ եմ: Ռոբերտ Քոչարյանին ես 5 տարի չեմ տեսել դեմքով, ոչ էլ հեռախոսով շփվել եմ այդ մարդու հետ: Խնդրում եմ՝ հանգիստ թողեք մեր երկրի առաջին, երկրորդ նախագահներին: Եվ որևէ մեկը, առավել ևս՝ այն խմբակցությունում, որը ղեկավարում եմ ես, քաղաքական որոշումների վրա, ես դա ասում եմ պաշտոնապես, չի կարող ազդեցություն ունենալ»,- ասաց Վ. Բաղդասարյանը:

Թե ինչո՞ւ ՀՀԿ խմբակցությունը մայիսի 1-ից հետո փոխեց իր դիրքորոշումը, Վ. Բաղդասարյանը պատասխանեց, որ իրենք տեսան, որ ցույցի մասնակիցներն ու կազմակերպիչները չեն դադարեցնում ակցիաները, և եթե իրենք էլ անդրդվելի մնային, հաջորդ քայլի դեպքում կպարալիզացվեր ամբողջ երկիրը.

«Մեր նպատակը միայն երկրի անվտանգությունն էր և այդ պատճառով քաղաքական որոշում է կայացվել՝ չխոչընդոտել: Դա քաղաքական դիրքորոշման շեղում կամ փոփոխություն չէ»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս