
Սլովակիայում Հաղթանակի օրվա առթիվ զրո անվանական արժեքով հուշանվերային թղթադրամ են թողարկել

Սլովակիայի իշխանությունները Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտման տարեդարձի առթիվ թողարկել են հուշանվերային եվրոթղթադրամ: Այս մասին հայտնել է սլովակյան Pravda թերթը:
Թերթի տվյալներով՝ թղթադրամի վրա պատկերված է չեխոսլովակյան արտադրության LT-38 տանկը եւ Բանսկա Բիստրիցա քաղաքի Սլովակյան ազգային ապստամբության հուշահամալիրը: Այնտեղ 1944 թվականին ընդվզում է տեղի ունեցել գերմանացի զավթիչների դեմ:
5 հազար թղթադրամ սահմանափակ տպաքանակով հուշանվերային արտադրանքը վաճառքի կհանվի մայիսի 8-ին: Թղթադրամը կարելի կլինի ձեռք բերել Սլովակիայի ազգային ապստամբության թանգարանի հատուկ բանկոմատում, հուշանվերի գինը կկազմի երկու եվրո:
Զրո անվանական արժեք ունեցող թղթադրամը չի կարող օգտագործվել ֆինանսական գործառնություններում եւ նախատեսված է սոսկ հավաքորդների եւ զբոսաշրջիկների համար: Չնայած դրան, թղթադրամն ունի եվրոյի բոլոր արժանիքները՝ հոլոգրամ, ջրանիշեր, ցցուն տպագրություն եւ պաշտպանական թել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: