Բաժիններ՝

Էմանուել Մակրոնն ավարտում է նախագահական հնգամյակի առաջին տարին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ելիսեյան պալատում դիմավորում է ընտրություններում իր հաղթանակի առաջին տարեդարձը: Մեկ տարի առաջ, հենվելով իր ստեղծած «Հառա՛ջ, հանրապետություն» վերկուսակցական շարժման վրա, նա համոզիչ հաղթանակ տարավ նախագահական արշավում:

«Նախագահ Մակրոնը քիչ բանով է տարբերվում թեկնածու Մակրոնից,- ասում են նախագահի շրջապատում:- Նա միշտ երթային վիճակում է եւ դադարներ չի սիրում»: Տակավին աշնանը նա ասում էր, որ «բարենորոգումների ներգործությունը կարելի կլինի զգալ մեկուկես – երկու տարի հետո»:

Տնտեսության կանխատեսումները, սակայն, արդեն վերանայվել են դեպի մեծացում: 2017 թվականի արդյունքներով՝ տնտեսական աճը կազմել է 2 տոկոս: Դա կրկնակի ավելի է, քան նախորդ երեք տարում, երբ տնտեսությունն աճում էր ընդամենը 1 տոկոսով: Նրան հաջողվել է հասնել նաեւ գործազրկության նվազեցման: Աշխատատեղերի համար հերթը նվազել է 33 հազարով: Նվազել է բյուջեի պակասուրդը:

Այժմ այն ցածր է համախառն ներքին արդյունքի 3 տոկոսից: Ինչպես նշում են գործարար փորձագետները, Եվրահանձնաժողովն այժմ պետք է դադարեցնի տուգանային ընթացակարգերը , որոնք 2009 թվականից Ֆրանսիայի դեմ սկսվել էին չափից դուրս մեծ պակասուրդի պատճառով:

«Ֆրանսիան վերադարձավ»,- հայտարարել է Մակրոնը հունվարին Դավոսի համաշխարային տնտեսական համաժողովում: Այս գարնանը տրանսպորտում ծայր առած գործադուլներն ազդեցին նրա վարկանիշի վրա, բայց Մակրոնի ժողովրդայնության անկումն, ինչպես վկայում են առաջին տարվա արդյունքները, տեղի է ունենում ավելի դանդաղ, քան նրա նախորդների մոտ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս