«Մենք արժանի ենք լավին լավով հասնելու»
Միանգամից ասեմ, ես ոչ արևմետամետ եմ, ոչ էլ արևմուտքամետ, ես հայաստանամետ եմ և աշխարհամետ: Հայաստանն իմ հայրենիքն է, Երկիր մոլորակը մեր ընդհանուր տունը: Ես չեմ ընդունում ատելությունն ու մոլագարության հասնող, ռեակցիոն անհանդուրժողականության ոչ մի դրսևորում: Չեմ հանդուրժում չարությունը, թշնամությունը, ուրանալը, բախտից նեղանալը:
Ինձ հիացրեց մեր Հայաստանում վերջին ցնցումները, համաժողովրդական շարժման մասնակիցների անխտիր բոլորի լավատեսությունը, դժվարություններն անպայմանորեն հաղթահարելու կամքն ու ոգին, սիրո, համերաշխության համաժողովրդական շարժման նպատակը մեր յուրաքանչյուրի կյանքը և մեր երկիրը «ամենալավը» դարձնելն է:
Մենք արժանի ենք լավին լավով հասնելու: Մենք այս շարժմամբ ապացուցեցինք, որ մենք լսել գիտենք, մենք սպասել գիտենք, մենք հանդուրժել գիտենք և մենք պայքարել ու ապրել գիտենք: Մենք մարտի դաշտում հաղթելու հետ արդար ու ազատ և բարեկեցիկ ապրել գիտենք: Մեր կյանքը ճիշտ ռելսերի վրա միասին դնել գիտենք:
Կյանքի իրական արժեքները տեսնել գիտենք, մենք լավ գիտենք, որ աշխարհում ոչ մի իշխանություն անփոխարինելի չէ: Աստված տա բոլորս լինենք միասին ու միակամ և մեր համար հաղթանակների «մայիս» ամիսն ևս մեկ հաղթանակով հարստացնենք մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանին երկրի վարչապետ ընտրենք, իսկ դրանից հետո ճիշտ հետևություններ անենք, լինենք միակամ, վճռորոշ, լարված և բախտորոշ իրավիճակներում:
Ապացուցենք աշխարհին, որ խորքային փոփոխություններին հնարավոր է հասնել խաղաղ, քաղաքական պայքարի միջոցով: Թավշյա հեղափոխության արձագանքը վերածենք քաղաքական միասնական որոշման: Եվ ապահովենք մեր ցանկությունների ներդաշնակությունը մեր երկրի Սահմանադրությանը հարգելով մեր պետական ինստիտուտները:
Հավատացեք երբ միտքը պայծառ է հաջողությունը, հայրենիքի հաղթական ոգին բարձր պահելու ունակությունը հետևում է յուրաքանչյուրիս ինչպես ստվեր և երբեք չի լքում:
Մեր հասարակությունն ամեն ինչ հասկանում է, որ եթե խոսում է, ապա բառերը պետք է լռությունից ավելի լավ լինեն: Չի բացելու այն դուռը, որն ի վիճակի չի լինի ճիշտ, պատշաճ ու ժամանակին փակել:
Աստված մեզ հետ:
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան