Հայերի դիակները լողում էին Եփրատ գետում․ Թուրքիայում հայտնի երգչի հայկական արմատների մասին թուրք լրագրողի անդրադարձը

Թուրքիայի հայտնի երգիչներից Մյուսլում Գյուրսեսի հայկական արմատների եւ նրա ծննդավայրում՝ Ուրֆայում տեղի ունեցած հայկական կոտորածներին է անդրադարձել Bianet-ի լրագրող Սերդար Քորուջուն։

Akunq. net-ը ներկայացնում է Bianet-ի լրագրողի հրապարակումը Գյուրսեսի հայ լինելու  մասին ենթադրությունը: Թեև այդ պնդումը չի հաստատվել, սակայն հաստատ է, որ «Մյուսլյում Բաբայի» ծննդավայրը եղող տարածքներում, ուր նա 65 տարի առաջ աշխարհ է եկել, Ցեղասպանություն է կատարվել…

2013 թ. մարտի 3-ին, մոտ 5 տարի առաջ վախճանված Մյուսլյում Գյուրսեսը, որի իսկական անունը Մյուսլյում Աքբաշ է, ծնվել էր 1953 թ. մայիսի 7-ին, Ուրֆայի Հալֆեթի գավառին ենթակա Ֆըսթըքօզյու գյուղում:

Թեև Գյուրսեսը բազմաթիվ հրապարակումներում հիշատակվում է որպես «թուրքմենական ծագում» ունեցող մեկը, սակայն վերջին շրջանում, հատկապես` իր մահից հետո մի ենթադրություն ի հայտ եկավ, ըստ որի` նա հայկական ընտանիքից է ծագել, որը եղել է Ցեղասպանության ժամանակ իսլամաց(վ)ած հայերից: Հայտնի չէ` այդ պնդումը ճիշտ է, թե ոչ, սակայն անվիճելի փաստ է, որ տվյալ շրջանը մոտ 100 տարի առաջ ենթարկվել է մեծ կոտորածի, և որ որոշ հայկական ընտանիքներ տեղ են գտել իսլամաց(վ)ած հայերի մեջ:

Ֆըսթըքօզյու գյուղը, որտեղ ծնվել է Մյուսլյում Գյուրսեսը, Հալֆեթի գավառը, որում ընդգրկված է եղել այդ գյուղը գտնվում է Ռումքալե (Հռոմկլա-Ակունքի խմբ.) գավառից 22 կմ, իսկ Բիրեջիքից` 19 կմ հեռավորության վրա: Այդ երկու բնակավայրերն էլ, ինչպես նաև` շրջակա գյուղերը ենթարկվել են Ցեղասպանության:

Պատրիարքարանի արձանագրությունների համաձայն` Այնթափ-Ուրֆա մայրուղու մեջտեղում, Եփրատ գետի ափին գտնվող գավառի կենտրոն Բիրեջիքում 1914 թ. 1.500 հայ բնակչություն էր ապրում: Այս քաղաքը տեղակայված էր Միջագետք հասնել ցանկացողների` Եփրատի վրա գտնվող խաչմերուկում: Ինչ վերաբերում է Ռումքալեին, ապա սույն գավառը 1151-1292 թթ. եղել է կաթողիկոսարան, և ամբողջ գավառում ապրում էին 1500 հայեր:

«Երանի~ թե կույր լինեի, և այս աչքերն այդ սարսափահարույց տեսարանների ականատեսը չդառնային»

Իսկ հետագա դեպքերը ներկայացված են պրոֆ. Վերժինե Սվազլյանի` թուրքերենով «Բելգե» հրատարակչության կողմից տպագրված «Հայոց ցեղասպանությունը» գրքում հրապարակված Մեծ եղեռնի վերապրողներից Հակոբ Ջըրջըրյանի վկայության մեջ. «Իմ գերդաստանը ծագում է Կիլիկիայի Հռոմկլա, այսինքն` Ռումքալե բնակավայրից… (…) Աքսորի ժամանակ 15 տարեկան էի: Երանի~ թե կույր լինեի, և այս աչքերն այդ սարսափահարույց տեսարանների ականատեսը չդառնային: Ոտքով հասանք Հումուս-Համային: Ճանապարհին թուրքերը, զինվորական ծառայության պատրվակով, հավաքեցին բոլոր հայ տղամարդկանց: Իրականում նրանց տարան Բեռլին-Բաղդատ երկաթուղու շինարարության վրա աշխատելու: Այդ երկաթգիծը հենց նրանց շնորհիվ կառուցվեց: Նրանց աշխատեցնում էին անասունների նման` մտրակների հարվածների ներքո, սոված ու ծարավ թողնելով… Իսկ երեխաներին ու կանանց` ոտքերն ու ձեռքերը կապած վիճակում, շարել էին Եփրատ գետի ափի երկայնքով` ջրում խեղդելու համար…»:

Թուրքերենով «Իլեթիշիմ» հրատարակության կողմից լույս տեսած Ռայմոնդ Գևորգյանի «Հայոց ցեղասպանությունը» գրքի համաձայն` տվյալ շրջանում հայերին ոչնչացնելուց հետո մի խնդիր էր ի հայտ գալիս մնացած բնակչության համար: Փռերում հաց չկար: Որպես այդ հարցի լուծում` Այնթափի հայ հացթուխներին բռնի կերպով ուղարկում էին Ուրֆա և Բիրեջիք:

Դրությունը նույնն էր նաև լաստեր կառուցելու հարցում: Թեև օսմանյան բանակը իրաքյան ռազմաճակատը պաշտպանելու համար որոշում է կայծակնային գործողություն ձեռնարկել, սակայն այն շրջանում, որտեղ կարելի էր ուտելիք և ռազմամթերք պատրաստել, «շահթուր» կոչվող լաստանավերը միայն հայերն էին կարողանում կառուցել: Եվ այդ պատճառով Ռաքքայից 2.500 աքսորյալ հայ է ուղարկվում Բիրեջիք:

Ողջ մնալու ուղիներից մեկը` փոխել կրոնը

Իսկ մեկ այլ պարտադիր պայման, որի միջոցով հայերը կարող էին ողջ մնալ, կրոնափոխությունն էր: Մի ամերիկացի միսիոների` ԱՄՆ-ի հյուպատոս Ջեքսոնին հաղորդած տեղեկության համաձայն` ամենամեծ հայկական խմբին, այսինքն` բիրեջիքցի հայերին նախ կոչ են անում հավատքը փոխել, որից հետո սկսում էր տեղահանությունը: Հայ տղամարդկանց սպանությունից հետո, Ռումքալեի հայերը տեղահանության են ենթարկվել 1913 թ. օգոստոսի 22-ից մինչև 1916 թ. փետրվարի 24-ը` այստեղի գավառապետը եղած Միդհաթ բեյի հրահանգով:  Բիրեջիքցի հայերի շրջանում ևս կային այնպիսիք, ովքեր համարում էին, որ կրոնափոխությունը փրկության միակ ճանապարհն էր: Կարապետ Կապիգյանի վկայության համաձայն` երբ Ռաքքա աքսորված հայերին տվյալ շրջանի մյուֆթին (հոգևոր առաջնորդը-Ակունքի խմբ.) կոչ է անում կրոնափոխ լինել` որպես համատեղ ապագայի «երաշխիք», իսլամացված հայերի մեջ արդեն իսկ 2 բիրեջիքցի հայ կար:

«Դիակները լողում էին Եփրատ գետում»

Հայտնի չէ` Մյուսլյում Գյուրսեսի ընտանիքի արմատները արդյո՞ք ծագում են այդ իսլամացված գերդաստաններից, սակայն 100 տարի առաջ տվյալ բնակավայրի ամենալավ բնութագրումը տվել է Հալեպում Գերմանիայի հյուպատոս Վոլտեր Ռյոսլերը, ըստ որի.

«Հուլիսի 17-ին ինձ հասած տեղեկության համաձայն` 25 օր շարունակ Ռումքալեում, Բիրեջիքում և Ջերաբլուսում Եփրատ գետում լողացող դիակներ են նկատվել: Այդ բոլոր դիակները եղել են նույն ոճով` մեկը մյուսին կապված վիճակում: Այդ հանգամանքը մատնանշում է, որ տվյալ անձինք ոչ թե պատահաբար են սպանվել, այլ` պաշտոնյաների կողմից պատրաստված ընդհանուր ոչնչացման ծրագրի միջոցով… Մի քանի օր անց վերստին սկսել են դիակներ նկատվել, որոնց թիվն ավելի մեծ էր: Այս անգամ խոսքը գնում էր հիմնականում կանանց և երեխաների դիերի մասին»:

Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net

Տեսանյութեր

Լրահոս