Vulture-ը կազմել է Ռոք-ն-ռոլի փառքի սրահում տեղ գտած 214 երաժիշտների վարկանիշը
Vulture պորտալը կազմել է Ռոք-ն-ռոլի փառքի սրահում տեղ գտած 214 երաժիշտների վարկանիշը: Ցուցակի ամենացածր հորիզոնացանն զբաղեցրել է ամերիկացի Ջոն Բոն Ջովին եւ նրա Bon Jovi խումբը:
Երաժշտական քննադատների խոսքով՝ Bon Jovi-ի մասնակիցները նվագում են ոչ թե ռոք-խմբում, այլ ռոք-խմբի մասին ֆիլմում, եւ կոլեկտիվի գոյության ավելի քան 30 տարվա ընթացքում նրանք ոչ մի հիթ չեն թողարկել: Ռոքերների բունտարարական ոճը ցուցակի հեղինակները համարել են չափազանց հավակնոտ եւ շինծու:
Վարկանիշի 213-րդ հորիզոնականն զբաղեցրել է Queen խումբը, որը որակվել է որպես «ամենագերագնահատված կոլեկտիվը փոփ-երաժշտության պատմության մեջ»: Նշվում է, որ ԱՄՆ-ում խմբի փառքն արագորեն մարել է եւ նրա մասին կրկին սկսել են խոսել միայն խմբի ֆրոնտմենի՝ Ֆրեդի Մերկյուրիի մահից հետո:
Ռոք-ն-ռոլի պատմության մեջ երրորդ ամենավատ խումբը դարձել է 1973 թվականին կազմավորված Journey-ը, որը հայտնվել է 212-րդ տեղում: Քննադատները Փառքի սրահում ընդգրկված լավագույն ռոք-երաժիշտ են հայտարարել Չաք Բերիին, որը 90 տարեկան հասակում վախճանվել է 2017 թվականին: Նրան ճանաչել են ռոքի հիմնադիր եւ 20-րդ դարի ամերիկյան մշակույթի ամենակարեւոր ներկայացուցիչներից մեկը:
Երկրորդ հորիզոնականում The Beatles բրիտանական խումբն է: Երրորդ դիրքն զբաղեցրել է Բոբ Դիլանը: Թոփ-10-ում նաեւ հայտնվել են Էլվիս Փրեսլին, Ջեյմս Բրաունը, Փրինսը, Ramones եւ Nirvana խմբերը, երգիչ Բադի Հոլին եւ բլյուզմեն Մադի Ուոթերսը:
Ռոք-ն-ռոլի փառքի սրահը կազմակերպություն եւ թանգարան է Քլիվլենդում (Օհայոյի նահանգ), որը հիմնադրվել է 1983 թվականին: Ցուցակում ներառված առաջին արտիստների թվում են՝ Չաք Բերին, Ջեյմս Բրաունը եւ Ռեյ Չառլզը: