Ուկրաինան և Թուրքիան ռազմափոխադրական ինքնաթիռ են ստեղծելու
Ուկրաինան պլանավորում է Թուրքիայի հետ համատեղ ստեղծել Ան-188 նոր ռազմափոխադրական ինքնաթիռը: Այդ մասին հայտնել է «Անտոնով» ուկրաինական պետական ձեռնարկության (ՊՁ) մամուլի ծառայությունը:
«Ուկրաինան եւ Թուրքիան ձեռնամուխ են լինում Ան-188 ռազմափոխադրական ինքնաթիռի ստեղծման համատեղ ծրագրի իրագործմանը: Այդ որոշումն ընդունվել է Eurasia-2018 միջազգային օդատիեզերական սալոնի ժամանակ, որտեղ Ուկրաինայի ավիաշինական ճյուղը ներկայացնում էր «Անտոնով» ՊՁ-ն»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ան-188-ը ռազմափոխադրական ինքնաթիռի նախագիծ է, այն Ան-70 ռուս-ուկրաինական ռազմափոխադրական ինքնաթիռի վերափոխված տարբերակն է, որում ռուսական համալրող մասերը փոխարինվելու են արեւմտյանով, ինչպես նաեւ տեղադրվելու են արտասահմանյան տուրբոռեակտիվ շարժիչներ՝ պտուտակաօդափոխիչների փոխարեն, որոնք մշակվել են «Պրոգրես» ուկրաինական կոնստրուկտորական բյուրոյի կողմից:
Ինքնաթիռի ենթադրվող բեռնատարողությունը մինչեւ 50 տոննա է, այն պետք է փոխադրի մինչեւ 300 զինծառայողների, ռազմական տեխնիկա եւ սարքավորում, ինչպես նաեւ ուղղաթիռներ, եւ կարող է վայրէջք կատարել տարբեր օդակայաններում, այդ թվում՝ 600-800 մետր երկարությամբ գոտիով գրունտային օդակայաններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: