Չինաստանը Գինեսի ռեկորդ է սահմանել օդում միաժամանակ գտնվող անօդաչուների քանակով
Չինական դրոնների լուսային շոուն արժանացել է Գինեսի ռեկորդակրի տիտղոսի: Այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի Կենտրոնական հեռուստատեսությունը: Պատմության մեջ ամենամեծ քանակությամբ անօդաչուներ՝ հազար 374 միավոր, միաժամանակ գտնվել են Սիանի (Շանսիի վարչական կենտրոն, Հյուսիսարեւմտյան Չինաստան) քաղաքային պարսպի երկնքում:
Շոուի սկզբում, որը տեղի է ունեցել Աշխատավորների միջազգային օրվա առթիվ, անօդաչուները բարձրացել են օդ եւ կազմել ավելի քան 1,2 կիլոմետր երկարությամբ եւ շուրջ 100 մետր լայնությամբ լույսերի «վարագույր»:
Անօդաչու թռչող ապարատների արձակման նախորդ ռեկորդը սահմանվել է Միացյալ Նահանգների էլեկտրոնային սարքեր արտադրող Intel-ի կողմից՝ այս տարվա փետրվարին Փհենչհանում ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ: Այն ժամանակ օդում միաժամանակ եղել է հազար 218 դրոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: