Նիկոլ Փաշինյանը կոչ արեց վաղը Երևանում և այլ մարզերում դադարեցնել բոլոր բողոքի ակցիաները, գործադուլներն ու դասադուլները
Այսօր «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հայտարարեց, որ վաղն ինքը պատգամավորների թվի 1/3-րդ-ով առաջադրվելու է վարչապետի պաշտոնում երկրորդ անգամ:
Նա ասաց, որ ինքն այսօր հանդիպել է Գագիկ Ծառուկյանի հետ, և Գ. Ծառուկյանն ասել է, որ իրենք սատարելու են Ն. Փաշինյանին: Նա նաև խոսել է ՀՅԴ ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ, որը նույնպես ասել է, որ սատարելու են Ն. Փաշինյանի թեկնածությանը: Ինչպես հայտնի է, ՀՀԿ խմբակցությունն էլ այսօր հայտարարել է, որ մայիսի 8-ին ՀՀ-ն վարչապետ է ունենալու, իսկ իրենք թեկնածու չեն առաջադրելու և սատարելու են առաջադրված թեկնածուին:
«Այսինքն՝ եթե հաշվի առնենք այսօրվա քաղաքական հայտարարությունները, վարչապետի ընտրությունների երկրորդ փուլում ձեր կողմից առաջադրված թեկնածուի ընտրության խնդիրը գործնականում լուծված է»,- հայտարարեց Ն. Փաշինյանը:
Նա ասաց, որ իրենք վաղն ԱԺ-ում պետք է զբաղվեն իր թեկնածությունն առաջադրելու գործերով, ինչպես նաև հավաստիանան, որ ՀՀԿ-ի հայտարարությունն ուժի մեջ է: Նա կոչ արեց վաղը Երևանում և այլ մարզերում դադարեցնել բոլոր բողոքի ակցիաները, գործադուլներն ու դասադուլները, հանգստանալ և պատրաստվել վարչապետի ընտրությանը: Նա նաև հորդորեց հետևել իր ֆեյսբուքյան էջին, որ, եթե հանկարծ իրավիճակ փոխվի, մարդիկ տեղեկանան դրա մասին: